Հոդված 60. Օրենքի և Ազգային ժողովի որոշման ընդունումը
Հոդված 60. Օրենքի և Ազգային ժողովի որոշման ընդունումը
1. Օրենքները և Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին՝ բաց քվեարկությամբ:
2. Սույն օրենքով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:
3. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագիծն առաջին, երկրորդ ընթերցումներով կամ որպես օրենք (ցանկացած ընթերցման ժամանակ) ընդունելու առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Այդ կապակցությամբ վարչապետը կամ Կառավարության լիազոր ներկայացուցիչը, քվեարկությունից անմիջապես հետո, կարող է պահանջել ընդմիջում մինչև հաջորդ նիստը՝ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Կառավարության վստահության հարցը դնելու կողմնորոշման համար: Եթե ընդմիջումից անմիջապես հետո վարչապետն օրենքի նախագծի ընդունման առնչությամբ դնում է Կառավարության վստահության հարցը, և սույն օրենքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ այդ որոշումը ներկայացվելուց հետո չի ընդունվում, ապա օրենքի նախագիծը համարվում է համապատասխան ընթերցմամբ կամ որպես օրենք ընդունված:
4. Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան՝ Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի առնչությամբ վստահության հարցը նույն նստաշրջանում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:
5. Ազգային ժողովի քվեարկությանը կարող են դրվել միայն քննարկումից առնվազն մեկ ժամ առաջ պատգամավորներին բաժանված և սահմանված կարգով քննարկված նախագծերի տեքստերը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
6. Ազգային ժողովի որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով կամ դրանում սահմանված ժամկետում և կարգով հրապարակվելուց հետո։ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից, եթե դրանով այլ ժամկետ սահմանված չէ։