Հոդված 35. Հերթական նստաշրջանների գումարման կարգը
Հոդված 35. Հերթական նստաշրջանների գումարման կարգը
1. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրից մինչև դեկտեմբերի երկրորդ հինգշաբթին և փետրվարի առաջին երկուշաբթի օրից մինչև հունիսի երկրորդ հինգշաբթին: Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերը սկսվում են նստաշրջանի բացման օրը:
2. Հերթական նստաշրջաններն անցկացվում են երեք շաբաթը մեկ գումարվող չորսօրյա նիստերի միջոցով, որոնք տեղի են ունենում ժամը 12-ից մինչև 18-ը՝ մեկուկես ժամ տևողությամբ նիստերով: Յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Նիստերի բոլոր օրերին առաջին ընդմիջման տևողությունը մեկ ժամ է:
3. Չորսօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրը՝ ժամը 17-ից, պատգամավորները, ըստ հերթագրման հաջորդականության, կարող են հանդես գալ մինչև 3 րոպե տևողությամբ հայտարարություններով, ընդ որում` սկզբում հայտարարություններով կարող են հանդես գալ ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավորներ, որից հետո հայտարարություններով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները։ Անհրաժեշտության դեպքում նիստը վարողը կարող է նիստը երկարաձգել մինչև 30 րոպեով: Նիստի տեսագրությունը հաջորդ օրն ամբողջությամբ ցուցադրվում է սույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված կարգով մրցույթում հաղթած հեռուստաընկերությամբ:
3.1. Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր չորսօրյա նիստերի չորեքշաբթի օրվա երկրորդ նիստում սույն օրենքի 105.1-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկվում են խմբակցությունների և պատգամավորական խմբերի հարցապնդումները, իսկ դրանց բացակայության կամ քննարկումն ավարտվելու դեպքում քննարկվում են օրակարգային այլ հարցեր:
4. Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և Կառավարության անդամները, սույն օրենքի 105-րդ հոդվածով սահմանված կարգով, պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է սույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո:
4.1 . Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում սույն օրենքի 104.2 -րդ հոդվածով սահմանված կարգով քննարկվում է ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված օրենքի կամ Ազգային ժողովի որոշման մեկ նախագիծ, իսկ դրա բացակայության կամ նույն նիստի ընթացքում քննարկումն ավարտվելու դեպքում քննարկվում են օրակարգային այլ հարցեր:
4.2. Եթե չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումն ավարտվում է, կամ օրակարգի վերջին հարցի քննարկումը մինչև հաջորդ չորսօրյա նիստեր ընդհատվում է`
ա) մինչև սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստի ավարտը, ապա այլ հարցեր չեն քննարկվում, և չորսօրյա նիստերը համարվում են ավարտված` այդ նիստի ավարտից հետո.
բ) սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստից հետո, ապա չորսօրյա նիստերն համարվում են ավարտված:
5. Օրենքով ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին հերթական նստաշրջանի նիստեր չեն անցկացվում: Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի, հանգստյան օրերը հանվում են սույն օրենքով սահմանված ժամկետների հաշվարկից, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի:
(35-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց., խմբ. 23.11.08 ՀՕ-182-Ն, խմբ. 30.04.09 ՀՕ-113-Ն)
(35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի վերջին նախադասություններում նախատեսված դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին հակասող և անվավեր ՍԴՈ-678 որոշմամբ)