Հոդված 80. Բյուջեի նախագծի նախնական քննարկումները և ներկայացման կարգը
Հոդված 80. Բյուջեի նախագծի նախնական քննարկումները և ներկայացման կարգը
1. Բյուջեի նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների և դրանց համատեղ նիստերում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաև վարչապետի լիազորած անձինք:
2. Բյուջեի նախագծի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող օրենսդրությամբ նախատեսվող փակ ծրարի նյութերը քննարկվում են պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Վերահսկիչ պալատի նախագահը, ինչպես նաև վարչապետի լիազորած անձինք:
3. Բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին իրենց առաջարկությունները պատգամավորները, խմբակցությունները, պատգամավորական խմբերը և մշտական հանձնաժողովներն Աշխատակազմի միջոցով ներկայացնում են Կառավարություն՝ նաև էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Կառավարությունը մշտական հանձնաժողովներում նախնական քննարկումների արդյունքով կարող է սահմանված ժամկետում փոփոխություններ կատարել բյուջեի նախագծում:
4. Կառավարությունը խմբագրված բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում՝ կցելով ըստ հոդվածների հաջորդականության խմբավորված առաջարկությունների ամփոփաթերթիկը, որում հետևյալ հաջորդականությամբ նշվում են՝
ա) առաջարկության հեղինակը.
բ) հոդվածի համարը, որին վերաբերում է առաջարկությունը.
գ) առաջարկության տեքստը կամ բովանդակությունը.
դ) առաջարկության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:
5. Առաջարկությունները, որոնց վերաբերյալ Կառավարությունն ամփոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են բյուջեի նախագծում: