Հոդված 52. Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման և շրջանառության մեջ դնելու կարգը
Հոդված 52. Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման և շրջանառության մեջ դնելու կարգը
1. Ազգային ժողովի որոշման նախագծի գրավոր տեքստը պաշտոնապես ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին կամ սահմանված դեպքերում՝ նիստը վարողին:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-111-Ն)
3. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովի նախագահը ներկայացված նախագիծը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ՝ այն ուղարկելով՝
ա) Աշխատակազմ, որը 20-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում իր եզրակացությունը նախագծի վերաբերյալ.
բ) հանձնաժողովներ՝ դրանց կազմից նշանակելով գլխադասայինին, որը 30 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Աշխատակազմի եզրակացությունն ստանալը կամ դրա ստացման ժամկետն սպառվելը, ներկայացնում է իր եզրակացությունը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվող նախագծի վերաբերյալ՝ հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին.
գ) խմբակցություններ և պատգամավորական խմբեր:
3.1. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:
4. Չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ՝ հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին։
5. Շրջանառության մեջ գտնվող Ազգային ժողովի որոշման նախագիծը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով:
5.1. Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից, ընդ որում՝ հերթական նստաշրջանի և (կամ) չորսօրյա նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հեղինակների) գրավոր առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հեղինակները) իրավունք ունի (ունեն) այդ առաջարկությունն անել Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին ցանկացած ժամանակ, որն ընդունվում է անհապաղ:
6. Պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում արտահերթ։
7. Սույն հոդվածի 6-րդ կետում նշված նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթը սահմանված կարգով ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթղթին կցվում է Ազգային ժողովի համապատասխան որոշման նախագիծը։ Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա Ազգային ժողովի համապատասխան որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում արտահերթ։ Ձևաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:
(52-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, 26.02.07 ՀՕ-111-Ն)