Հոդված 51. Օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը
Հոդված 51. Օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը
1. Ազգային ժողովի նախագահն առաջադրված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ, այն ուղարկելով՝
ա) Կառավարություն (եթե հեղինակը պատգամավոր է)՝ վարչապետի անունով, և Աշխատակազմ, որոնք 20-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին ներկայացնում են իրենց եզրակացություններն առաջադրված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ.
բ) հանձնաժողովներ՝ դրանց կազմից նշանակելով գլխադասայինին, որը 30 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության և Աշխատակազմի եզրակացություններն ստանալը կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը, ներկայացնում է իր եզրակացությունը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ` հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին:
գ) խմբակցություններ և պատգամավորական խմբեր:
1.1. Եթե սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:
2. Աշխատակազմի եզրակացությունում նշվում են օրենքի նախագիծը սույն օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները, որը ներառում է այդ նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերի ցանկը կամ այդպիսի օրենքների, Ազգային ժողովի որոշումների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:
3. Կառավարության եզրակացությունն անհրաժեշտության դեպքում ներառում է պետության եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին իր եզրակացությունը:
4. Եթե սահմանված ժամկետում Կառավարությունը եզրակացություն չի ներկայացնում պատգամավորի առաջադրած օրենքի նախագծի վերաբերյալ, ապա համարվում է, որ այն չի նվազեցնում պետության եկամուտները կամ ավելացնում ծախսերը։
5. Ազգային ժողովի նախագահը Կառավարության և Աշխատակազմի եզրակացություններն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, ուղարկում է գլխադասային հանձնաժողով (հանձնաժողովներ), հեղինակին (հիմնական զեկուցողին):
6. Կառավարության կողմից անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում և քվեարկվում է մեկամսյա ժամկետում՝ Ազգային ժողովի նախագահի կազմած ժամանակացույցի համաձայն, որտեղ սահմանվում են դրա վերաբերյալ եզրակացությունների ներկայացման և Ազգային ժողովում դրա քննարկման ժամկետները:
7. Չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ՝ միաժամանակ որոշելով օրենքի նախագծի այլընտրանքային համարելու հարցը, հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին:
8. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով:
(51-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 24.12.04 ՀՕ-69-Ն)