Հոդված 112. Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը
Հոդված 112. Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը
1. Ազգային ժողովը կարող է ունենալ իր տպագիր օրգանները:
2. Ազգային ժողովի դռնբաց նիստերը հեռարձակվում են Հանրային ռադիոընկերության ուղիղ եթերով, եթե Ազգային ժողովն այլ որոշում չի ընդունում:
3. Զանգվածային լրատվության միջոցներով Ազգային ժողովի աշխատանքի լուսաբանումը կազմակերպում է Աշխատակազմը, որը՝
ա) իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա Ազգային ժողովի պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունը.
բ) իրականացնում է սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված պատգամավորների հայտարարությունների տեսագրությունը, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարի և այլ հաղորդումների արտադրությունը.
գ) անցկացնում է Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի ճեպազրույցներ, մամուլի ասուլիսներ.
գ.1) Ազգային ժողովի դռնբաց նիստում պատգամավորների մասնակցության և անհատական քվեարկությունների արդյունքները տեղադրում է Ազգային ժողովի ինտերնետային կայքում.
դ) թողարկում է տեղեկատվական բնույթի այլ նյութեր:
4. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Աշխատակազմը՝ «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Ազգային ժողովի նախագահի սահմանած հերթականությամբ, հաղորդման թեմայի շուրջ իրենց տեսակետները ներկայացնելու համար միևնույն հաղորդման ընթացքում (ընդհանուր տևողությունը՝ մինչև 1 ժամ) հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին (հավասար մասնակցությամբ), ինչպես նաև դրանցում չընդգրկված պատգամավորներին, տրամադրվում է մինչև 3-ական րոպե, որից հետո մինչև 15 րոպե տրամադրվում է Աշխատակազմին՝ խորհրդարանական իրադարձությունները լուսաբանելու համար: Հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին, ինչպես նաև դրանցում չընդգրկված պատգամավորներին հատկացվող ժամանակահատվածի հաղորդման թեման որոշում է Ազգային ժողովի նախագահը՝ հարցը նախապես քննարկելով տվյալ հաղորդմանը նախորդող շաբաթվա Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում: «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ՝ կիրակի օրը` ժամը 21-ին:
5. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստերի տեսագրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների և Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների (ձայնագրությունների) արտադրությունն իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությունը:
6. Ազգային ժողովի գործունեության մասին պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվությունների) վերաբերյալ Ազգային ժողովի նախագահին առաջարկություն ներկայացնելու իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահի տեղակալները և հանձնաժողովների նախագահները։
(112-րդ հոդվածը լրաց., խմբ. 24.12.04 ՀՕ-69-Ն)
(ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին հակասող և անվավեր ճանաչել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի վերջին նախադասություններում, 112 հոդվածի 2-րդ կետով, 4-րդ կետի վերջին նախադասությամբ և 5-րդ կետով նախատեսված դրույթները 16.02.07 ՍԴՈ-678 որոշմամբ:)