Հոդված 107. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծի քննարկման կարգը
Հոդված 107. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծի քննարկման կարգը
1. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել՝
ա) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից՝ սույն օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ, 84-րդ, 89-րդ հոդվածների 6-րդ և 106-րդ հոդվածի 1-ին կետերով նախատեսված դեպքերում Կառավարության վստահության հարցը դրվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում.
բ) առանձին պատգամավորի կողմից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթն ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Ձևաթուղթն ստացման պահից 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված: Եթե սահմանված ժամկետում և անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովում սկսվում է քննարկվել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը:
3. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝
ա) մինչև 30 րոպե տևողությամբ զեկուցումով հանդես է գալիս հարցը նախաձեռնող պատգամավորը կամ պատգամավորների ներկայացուցիչը, որից հետո նույն տևողությամբ հարակից զեկուցումով հանդես է գալիս վարչապետը.
բ) մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս հարցը նախաձեռնող պատգամավորը կամ պատգամավորների ներկայացուցիչը և վարչապետը, որից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:
4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերում Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 և ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում:
5. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
6. Վերոհիշյալ որոշումն ընդունվելու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:
(107-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-404-Ն)