Հոդված 29. Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման և որոշումների ընդունման կարգը
Հոդված 29. Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման և որոշումների ընդունման կարգը
1. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը:
2. Նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:
2.1. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ՝
ա) հիմնական զեկուցողի ելույթը.
բ) հարցեր հիմնական զեկուցողին.
գ) հարակից զեկուցողի ելույթը.
դ) հարցեր հարակից զեկուցողին.
ե) մտքերի փոխանակություն.
զ) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.
է) քվեարկություն:
2.2. Ազգային ժողովում հարցի քննարկման համար հատուկ ընթացակարգ սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ հանձնաժողովի անդամի կողմից և քվեարկվում է հարցի վերաբերյալ հանձնաժողովի քվեարկությունից հետո:
2.3. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո:
3. Նիստում քվեարկությունները կատարվում են միայն տվյալ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:
4. Հանձնաժողովի անդամը կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:
5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա (գրանցված) հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
6. Նիստի արձանագրությունն ստորագրում է հանձնաժողովի նախագահը:
(29-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն)