Հոդված 39. Արտահերթ նստաշրջանի գումարման կարգը
Հոդված 39. Արտահերթ նստաշրջանի գումարման կարգը
1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարում է Հանրապետության Նախագահը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:
Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության պահանջով արտահերթ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:
2. Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան գումարվելու դեպքում այդ նստաշրջանի օրակարգը և դրանում ընդգրկված հարցերի նախագծերն ուղարկվում են Ազգային ժողովի նախագահին։
3. Արտահերթ նստաշրջան գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթը սահմանված կարգով ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթղթում նշվում են արտահերթ նստաշրջանի օրակարգը և անցկացման ժամկետը, ինչպես նաև կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա այդ ձևաթուղթը համապատասխան նախագծերի հետ միասին նույն օրը ներկայացնում է Հանրապետության Նախագահին, իսկ օրակարգային հարցերի նախագծերն ուղարկում է Կառավարություն: Ձևաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:
4. Արտահերթ նստաշրջան չի կարող անցկացվել չորսօրյա նիստերի համար նախատեսված օրերին:
5. Արտահերթ նստաշրջանը չի կարող տևել վեց օրից ավելի և կարող է ընդհատվել չորսօրյա նիստերով կամ նախաձեռնողի(ների) ներկայացուցչի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ, որը, առանց քննարկման, քվեարկվում է անմիջապես: Սահմանված ժամկետը լրանալու կամ օրակարգն սպառվելու դեպքում արտահերթ նստաշրջանը համարվում է փակված:
6. Արտահերթ նստաշրջանը, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ, անցկացվում է հետևյալ ընթացակարգով՝
ա) նստաշրջանի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում մեկուկես ժամ տևողությամբ 4 նիստ.
բ) յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում.
գ) երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է։
7. Սույն հոդվածի 6-րդ կետում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել նիստը վարողին արտահերթ նստաշրջանը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի կողմից, և այն դրվում է քվեարկության՝ առանց քննարկման:
(39-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն)