Հոդված 105. Կառավարությանը հարցերով դիմելու կարգը
Հոդված 105. Կառավարությանը հարցերով դիմելու կարգը
1. Սահմանադրության 80-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորներն իրավունք ունեն գրավոր և բանավոր հարցերով դիմել Կառավարությանը:
2. Պատգամավորը մեկ ամսվա ընթացքում Կառավարությանը կարող է դիմել մեկական գրավոր և բանավոր հարցով:
3. Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:
4. Գրավոր հարցը պատգամավորը հանձնում է Աշխատակազմ, որը նույն օրն այն ուղարկում է Կառավարություն: Հարցն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ Կառավարության համապատասխան անդամն Ազգային ժողովի նիստում պատասխանում է հարցին՝ այդ մասին վաղօրոք տեղյակ պահելով պատգամավորին և Աշխատակազմին: Պատգամավորն իր հարցի պատասխանն ստանում է գրավոր:
5. Գրավոր հարցերի պատասխանները տրվում են ըստ դրանց ստացման հաջորդականության՝ պատասխանը պատրաստ լինելուն պես, եթե պատգամավորը չի հրաժարվում իր հարցը հնչեցնելուց:
6. Պատգամավորը երեք րոպեի ընթացքում խոսափողից ներկայացնում է Կառավարությանն ուղղած իր գրավոր հարցը, որին հետևում է վարչապետի կամ Կառավարության անդամի՝ մինչև երեք րոպե տևողությամբ պատասխանը: Պատգամավորը կարող է երկու րոպեի ընթացքում արտահայտել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին վարչապետը կամ Կառավարության անդամը կարող է արձագանքել մինչև երկու րոպե տևողությամբ պատասխանով:
7. Եթե գրավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվում, ապա պատգամավորները սույն հոդվածի 6-րդ կետով և սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանը կարող են տալ բանավոր հարցեր, որոնցից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին:
7.1. Սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում առաջինը տրվում են ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավորների բանավոր հարցերը, որից հետո բանավոր հարցերով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները:
8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի սահմանափակում պատգամավորի իրավունքը՝ ուղղակի գրավոր դիմել Կառավարություն և օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխան:
(105-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-404-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց. 23.11.08 ՀՕ-182-Ն)