Հոդված 39. Արտահերթ նստաշրջանի գումարման կարգը
Հոդված 39. Արտահերթ նստաշրջանի գումարման կարգը
1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:
Արտահերթ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:
2. Հանրապետության Նախագահի կամ Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան գումարվելու դեպքում այդ նստաշրջանի օրակարգը և դրանում ընդգրկված հարցերի նախագծերը նախաձեռնողի կողմից ուղարկվում են Ազգային ժողովի նախագահին։
3. Արտահերթ նստաշրջան գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթը սահմանված կարգով ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթղթում նշվում են արտահերթ նստաշրջանի օրակարգը և անցկացման ժամկետը, ինչպես նաև կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա գումարում է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում` միաժամանակ օրակարգային հարցերի նախագծերն ուղարկելով Հանրապետության Նախագահին և Կառավարություն: Ձևաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:
4. Արտահերթ նստաշրջանը չի կարող անցկացվել հերթական նստաշրջանի ընթացքում:
5. Օրակարգն սպառվելուց հետո կամ հերթական նստաշրջանի գումարման օրը, ինչպես նաև նախաձեռնողի(ների) ներկայացուցչի առաջարկությամբ արտահերթ նստաշրջանը համարվում է փակված:
6. Արտահերթ նստաշրջանը, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ, անցկացվում է հետևյալ ընթացակարգով՝
ա) նստաշրջանի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում մեկուկես ժամ տևողությամբ 4 նիստ.
բ) յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում.
գ) երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է։
7. Սույն հոդվածի 6-րդ կետում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել նիստը վարողին արտահերթ նստաշրջանը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի կողմից, և այն դրվում է քվեարկության՝ առանց քննարկման:
(39-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, խմբ., լրաց., փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, խմբ. 30.04.09 ՀՕ-113-Ն)