Հոդված 84. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսելը
Հոդված 84. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսելը
1. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց առնվազն 24 ժամ առաջ Կառավարությունը բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակը և սույն օրենքի 80-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով կազմված ամփոփաթերթիկը, պատգամավորների թվին համապատասխան, հանձնում է Աշխատակազմ, որն ապահովում է դրանց տրամադրումը պատգամավորներին Ազգային ժողովի նստավայրում:
2. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց հետո վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթում ներկայացնում է նախագծի վերջնական տարբերակը և ամփոփաթերթիկում ներառված առաջարկությունները:
3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Հայտ ներկայացնելու դեպքում մինչև 10-ական րոպե տևողությամբ մեկական ելույթի իրավունք ունեն՝
ա) խմբակցությունների և պատգամավորական խմբերի ներկայացուցիչները.
բ) մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները.
գ) Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները:
5. Ելույթներից հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը, որը կարող է առաջարկել բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք կամ բյուջեի հաստատման առնչությամբ դնել Կառավարության վստահության հարցը:
6. Եթե բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունելու մասին Կառավարության առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կառավարությունը կարող է բյուջեի հաստատման առնչությամբ դնել իր վստահության հարցը՝ սույն օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:
7. Եթե սույն օրենքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում կամ նման որոշում չի ընդունվում, ապա բյուջեն, Կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված:
8. Բյուջեի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է հատուկ ընթացակարգով: