Հոդված 24. Կազմակերպության գործունեության հաշվետվությունը
Հոդված 24. Կազմակերպության գործունեության հաշվետվությունը
1. Կազմակերպությունը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնում է հաշվետվություններ։
2. Եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը:
3. Կազմակերպության հաշվետվությունը ներառում է`
1) իրականացրած ծրագրերի անվանումներն ու վայրերը.
2) տարեկան մուտքերի (դրամական և գույքային) ընդհանուր գումարը և ստացման աղբյուրը.
3) դրամական միջոցների և այլ գույքի օգտագործման, կանոնադրական նպատակներին ուղղված ծախսերը.
4) իրականացրած ծրագրերի արդյունքների մասին տեղեկատվություն.
5) անդամների, ինչպես նաև կամավորների թիվը (հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ), այդ թվում` նշում Կազմակերպության միջոցներից հաշվետու տարվա ընթացքում օգտվելու մասին.
6) Ժողովի և կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերի քանակը.
7) Կազմակերպության գտնվելու վայրը:
4. Այն Կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուր չեն հանդիսացել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրային միջոցները, իրավունք ունեն Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակելու ինչպես սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը, այնպես էլ իր գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ կամ նյութեր։ Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը պահպանվում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց պակաս լինել:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատում է Լիազոր մարմինը: