Հոդված 20. Ժողովի գումարման կարգը
Հոդված 20. Ժողովի գումարման կարգը
1. Հերթական ժողովները գումարվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ:
2. Ժողովն իրավազոր է, եթե գումարվել է սույն օրենքին և Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան, և Ժողովին մասնակցում է Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին, եթե Կազմակերպության կանոնադրությամբ մասնակիցների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:
3. Ժողովի օրակարգի, նրա աշխատանքի ժամանակի և վայրի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ եղանակով` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան Ժողովի անցկացման օրվանից հինգ օր առաջ՝ հավաստելով հասցեատիրոջ կողմից ծանուցումը ստանալու փաստը:
4. Եթե այլ բան նախատեսված չէ Կանոնադրությամբ, ապա արտահերթ Ժողով գումարվում է`
1) գործադիր մարմնի նախաձեռնությամբ.
2) Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ.
3) վերստուգող մարմնի նախաձեռնությամբ, եթե Կազմակերպության կանոնադրությամբ վերստուգող մարմնի կազմավորում նախատեսված է:
5. Կազմակերպության արտահերթ ժողովը գումարվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված նախաձեռնությունից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, եթե կանոնադրությամբ այլ ժամկետ նախատեսված չէ:
6. Հերթական կամ արտահերթ ժողով գումարվում է դրա մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:
7. Արտահերթ ժողով գումարելու ժամանակի և վայրի մասին ժողովի մասնակիցները ծանուցվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան արտահերթ ժողով անցկացնելու օրվանից հինգ օր առաջ:
8. Ժողովի արձանագրությունն ստորագրում են ժողովի նախագահողը (նիստերը վարողը) և քարտուղարը:
9. Ժողովի արձանագրությունները պահպանվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց պակաս լինել: