Հոդված 34. Աշխատակազմի և համայնքային հիմնարկների աշխատողների վարձատրությունը
Հոդված 34. Աշխատակազմի և համայնքային հիմնարկների աշխատողների վարձատրությունը
1. Աշխատակազմի և համայնքային հիմնարկների աշխատողների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով կատարվում է համայնքի բյուջեի հաշվին:
2. Աշխատավարձը ներառում է պաշտոնային դրույքաչափը, հավելավճարները, պարգևատրումները և հավելումները:
3. Յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի`
1) մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,95 տոկոսը.
2) 1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,65 տոկոսը.
3) 5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,43 տոկոսը.
4) 20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,26 տոկոսը.
5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար` 81,14 տոկոսը:
4. Սույն օրենքի իմաստով՝ հավելումը պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացումն է, որը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված աշխատանքներ կատարելու դեպքում:
5. Հավելավճարը` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացումը, սահմանվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար: Համայնքի ավագանու որոշմամբ հավելավճար կարող է սահմանվել նաև համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների՝ տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար:
6. Աշխատակազմի և համայնքային հիմնարկների աշխատողներին ծանր և վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:
7. Հավելավճարի կիրառման կարգը և չափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:
8. Աշխատանքի վարձատրության հետ կապված` սույն հոդվածով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ օրենքներով:
(34-րդ հոդվածը փոփ. 17.11.21 ՀՕ-354-Ն)