Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-21-ից մինչև 2003-01-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 37. Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառում

գործել է մինչև 2003-01-23Բացել ARLIS-ում

Հոդված 37. Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառում

Համայնքի ղեկավարը քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) կազմում է համայնքի բնակավայրի քաղաքաշինական գլխավոր հատակագծի նախագիծը և համայնքի հողերի գոտիավորման ու օգտագործման սխեման, որոնք համապատասխան մարզպետի միջոցով, պետական լիազորված մարմնի հետ համաձայնեցնելուց հետո` մեկամսյա ժամկետում, ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

2) համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմային համապատասխան կազմում է համայնքի առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների գոտիավորման մանրամասն հատակագծման, հողաշինարարական և կառուցապատման նախագծերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

3) կազմում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, դա ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

4) համայնքի բնակչությանը սահմանված կարգով իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին, կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը.

5) սահմանված կարգով տալիս է շինարարության (քանդման) թույլտվություն, ձևակերպում է շինարարության ավարտական ակտերը.

6) համայնքի սեփականություն համարվող գույքը, քաղաքաշինական գլխավոր հատակագծին, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմային համապատասխան, աճուրդային եղանակով օտարելու և օտարվող գույքի մեկնարկային գինը սահմանելու մասին որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

7) համայնքի ավագանու սահմանած կարգով որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքը, համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմային, ինչպես նաև ավագանու սահմանած վարձակալության վճարներին համապատասխան, վարձակալության տրամադրելու և հետ վերցնելու մասին.

8) համայնքի սեփականություն համարվող հողերն անհատույց օգտագործման է տրամադրում պետական և համայնքային բյուջետային հիմնարկներին.

9) սահմանված կարգով անմիջական վերահսկողություն է իրականացնում հողերի, շենքերի և շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, համայնքի քաղաքաշինական կանոնադրության պահանջների նկատմամբ.

10) կանխում և կասեցնում է ինքնակամ հողազավթումը և շինարարությունը, իր որոշմամբ անմիջապես ձեռնարկում է համապատասխան գործողություններ և մեկամսյա ժամկետում, օրենքով սահմանված կարգով, ապահովում է դրանց հետևանքների վերացումը.

11) իրականացնում է համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքի պահպանումը, հաշվառումը, շահագործումը, կազմակերպում է դրանց ընթացիկ վերանորոգումը և կազմում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

12) համայնքի քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) սահմանված կարգով վարում է համայնքի քաղաքաշինական ու հողային կադաստրները և տեղեկություն է տրամադրում անշարժ գույքի կադաստրին, պետական քաղաքաշինական և հողային կադաստր վարող մարմիններին.

2) սահմանված կարգով կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը.

3) քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմային համապատասխան միմիայն իր կնքած պայմանագրի համաձայն հատկացնում, հետ է վերցնում, վարձակալության է տրամադրում, իսկ օրենքով սահմանված կարգով և դեպքերում օտարում է համայնքի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերը.

4) սահմանված կարգով ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և համայնքի սահմանանիշների պահպանությունը:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.

1) իրականացնում է բնակարանային և սոցիալական նշանակության այլ օբյեկտների շինարարությունը և կապիտալ նորոգումը.

2) իրականացնում է կառուցապատման աշխատանքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։