Հոդված 61. Համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերը
Հոդված 61. Համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերը
Համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերին ամրագրվող բյուջետային մուտքերի աղբյուրները, ինչպես նաև դրանց հաշվին համայնքի բյուջեի համապատասխան մասերից ելքերի իրականացման ուղղությունները սահմանվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
Բյուջեի վարչական մասը ձևավորվում է համայնքային բյուջեի եկամտային մասում ամրագրված հողի հարկից, գույքահարկից, եկամտահարկից, շահութահարկից, հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող համապատասխան տուգանքներից և տույժերից, պետական տուրքերից, համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող մուտքերից, համայնքի մասնակցությամբ կազմակերպությունների համապատասխան շահույթից` համայնքի ավագանու որոշմամբ կատարվող մասհանումներից, պարտադիր վճարներից, պետության պատվիրակած լիազորությունների իրականացման համար նախատեսված պետական բյուջեի հատկացումներից, «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվող դոտացիաներից, համայնքի բյուջե մուտքագրվող այլ հարկերի մասհանումներից և այլ դոտացիաներից:
Համայնքի բյուջեի ֆոնդային մասը ձևավորվում է այն աղբյուրներից, որոնք ուղղված չեն բյուջեի վարչական մաս:
Համայնքի բյուջեի վարչական մասից ֆինանսավորվում են պարտադիր և կամավոր լիազորությունների իրականացման հետ կապված ընթացիկ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով), բյուջետային փոխատվությունների մարման և պետության պատվիրակած լիազորությունների կատարման ծախսերը:
Համայնքի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորվում են պարտադիր և կամավոր լիազորությունների իրականացման հետ կապված կապիտալ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) և ստացված վարկերի մարման ծախսերը: