Հոդված 120
Հոդված 120
Պահակախմբերի կարգացուցակի հետ միաժամանակ յուրաքանչյուր պահակախմբի համար կազմվում է պահակակետերի տեղաբաշխման ուրվագիծ, պահակակետերի ցուցակ (3 հավելված), պահակապետին տրվող հրահանգ, տագնապ հայտարարելու դեպքում փոխարինող պահակախմբերի համար` նաև տագնապ հայտարարելու դեպքին վերաբերող փաստաթղթեր, իսկ պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնական (օպերատոր) ունեցող պահակախմբերի համար` օգնականի (օպերատորի) փաստաթուղթ:
Պահակակետերի տեղաբաշխման ուրվագծում նշվում են` պահակակետերի և արգելագոտիների սահմանները, արգելված սահմանները, ցանկապատի տեսակը, պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտները, պահակակետեր գնալու հերթափոխի երթուղիները և տրանսպորտային միջոցներով պարեկների երթուղիները, ժամապահների և հսկիչ-պահպանության խմբերի երթուղիները ցերեկվա և գիշերվա ժամերին, խրամատների, դիտաշտարակների, կապի և հրդեհամարման միջոցների, հերթապահ շների պահակակետերի տեղերը, պահակակետերի առավել վտանգավոր մատույցները.
Պահակակետերի ցուցակում նշվում են` յուրաքանչյուր պահակակետում պահպանության ենթակա օբյեկտները, ժամապահի հատուկ պարտականությունները` հաշվի առնելով պահակակետում ծառայության կոնկրետ պայմանները, կապի միջոցներով զեկուցելու ժամկետները, դիտաշտարակից ժամապահին թույլատրելի դիտարկման ժամանակամիջոցը, այն հեռավորությունը, որտեղից ժամապահին արգելվում է կողմնակի անձանց թույլ տալ մոտենալու պահակակետին, ժամապահի գործողությունները հարևան պահակակետերի վրա հարձակվելու դեպքերում և հրդեհի ժամանակ, ժամապահին զենքը կիրառելու թույլատրելի դեպքերը: Պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորված պահակակետերի համար նշվում են յուրաքանչյուր պահակակետի տեխնիկական միջոցի տեսակը և մակնիշը, դրանց գործելու առանձնահատկությունները, հսկիչ-պահպանության խմբի կողմից պահակակետը ստուգելու և զենքը կիրառելու կարգը:
Պահակապետին տրվող հրահանգում նշվում են` պահակախմբի խնդիրները, հանձնարարված օբյեկտների պահպանության և պաշտպանության համար պահակապետի հատուկ պարտականությունները, պահակախմբի պաշտոնատար անձանց գործողությունների կարգը օբյեկտները` ներառյալ տեխնիկական միջոցներով սարքավորվածները, ընդունելու և հանձնելու ժամանակ, հսկիչ-պահպանության խմբերի կողմից դրանք ստուգելու գրաֆիկը և կարգը, գիշերը և վատ եղանակին օբյեկտների պահպանությունն ուժեղացնելու միջոցառումները պահակախմբի գործողությունների վերաբերյալ պահպանվող օբյեկտների, ժամապահների կամ պահակակետերի վրա հարձակվելու, պահպանության տեխնիկական միջոցների գործելու և շարքից դուրս գալու, հրդեհի, տարերային աղետների, տագնապի ազդանշանների դեպքում, ինչպես նաև զենքը պահպանելու և զինամթերքի արկղերը բացելու կարգի մասին ցուցումներ:
Տագնապ հայտարարելու դեպքի փաստաթղթերի մեջ մտնում են` պահակակետերի ցուցակը, տեղաբաշխման ուրվագիծը, պահակապետին տրվող հրահանգը, պահակակետի տեղեկագրի ձևաթուղթը և նշանաբանը: Այս փաստաթղթերը որոշում են պահակախմբին հանձնարարված օբյեկտների պահպանության և պաշտպանության կարգը` հաշվի առնելով զորքերի գործողություններն ըստ մարտական և զորահավաքային պատրաստականության ծրագրի:
Պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) փաստաթղթերը կազմված են հրահանգից (պահպանվող օբյեկտներն ընդունելու և հանձնելու կարգի մասին ցուցումներից, սարքավորումների վերահսկողությունն իրականացնելուց, ինչպես նաև պահպանության տեխնիկական միջոցների հանկարծակի աշխատելու կամ միանալու ժամանակ ձեռնարկվելիք գործողությունների առանձնահատկությունների մասին ցուցումներից), պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտների ցուցակից (պահակակետի համարը, օբյեկտի անվանումը, պահպանությունն ընդունելու և հանձնելու ժամանակը, տեղադրված միջոցների տեխնիկական վիճակը, դրանք ստուգելու ժամանակը և վիճակի մասին նշումները, պահպանության տեխնիկական միջոցները հանկարծակի գործելու ժամանակն ու տեղը և ձեռնարկված միջոցները) և տեղադրված պահպանության համակարգի շահագործման հրահանգից:
Սույն հոդվածում նշված փաստաթղթերը հաստատում է կայազորի պետը (զորամասի հրամանատարը):