Հոդված 257
Հոդված 257
256 հոդվածում նշված անձինք պարտավոր են կայազորի պետին (զորամասի հրամանատարին) ներկայացնել այն պետերի կնիքներով վավերացված գրավոր կարգադրությունները, որոնց հանձնարարությամբ իրենց նշանակվել են խմբերը ստուգելու: Այդ կարգադրությունների հիման վրա նրանց տրվում է պահակախմբերի ստուգման իրավունքը հավաստող, կայազորի պետի կամ կայազորի զինվորական պարետի (զորամասի հրամանատարի) ստորագրությամբ վավերացված մեկանգամյա վկայական, որը ներկայացվում է պահակախմբերի (զորամասի) հերթապահին: Այդպիսի մեկանգամյա վկայական կայազորի պետը տալիս է նաև ինչպես կայազորային, այնպես էլ ներքին, իսկ զորամասի հրամանատարը` ներքին պահակախմբերը ստուգելու համար նշանակված անձանց:
Մեկանգամյա վկայականում նշվում է, թե ում է այն տրված, որ պահակախմբերը ստուգելու համար է և ինչ ժամանակում պետք է ստուգումը կատարվի: Վկայականի գործողության ժամանակը լրանալուց հետո ստուգողն այն հանձնում է կայազորի զինվորական պարետատուն (զորամասի շտաբ):
Պահակախումբը նշանակած վաշտի (մարտկոցի) հրամանատարին, ինչպես նաև տեղակալներին և վաշտի (մարտկոցի) բոլոր ուղղակի պետերին պահակախմբերը ստուգելու իրավունքը հավաստող վկայական չի տրվում:
Երկաթուղու հատվածի և կայարանի, օդանավակայանի զինվորական պարետը և նրա օգնականները երկաթուղու հատվածի և կայարանի, օդանավակայանի տարածքում տեղադրված պահակախմբերի ստուգում անցկացնում են նաև առանց պահակախմբերը ստուգելու իրավունքը հավաստող վկայականի, սակայն անձնական վկայական ներկայացնելով: