Հոդված 86
Հոդված 86
Զինվորական ավագ ավտոտեսուչը ենթարկվում է կայազորի զինվորական ավտոտեսչության պետին, նրա տեղակալին և պատասխանատու է իրեն ամրացված տեղամասում (կետում) զորամասերի տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության ու պարեկների կողմից ծառայության ճիշտ կատարման համար:
Նա պարտավոր է`
- հրահանգավորման համար նշանակված ժամին ներկայանալ կայազորի զինավտոտեսչության պետին և ուսումնասիրել անհրաժեշտ փաստաթղթերը.
- իմանալ զինավտոտեսչության հսկիչ կետի խնդիրները, տրանսպորտային միջոցների պատահարների վայրում աշխատելու կարգը.
- հսկողություն սահմանել վարորդների (մեխանիկ-վարորդների), մեքենաների ավագների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու նկատմամբ և կանխել այլ կանոնների խախտումները.
- ստուգել զորամասերի տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը, ուղեգրերը և մեքենայում գտնվող անձնակազմի կողմից սահմանված համազգեստի պահպանումը.
- կայազորի զինվորական ավտոտեսչության պետին անհապաղ զեկուցել զորամասերի տրանսպորտային միջոցների պատահարների մասին և գործել նրա ցուցումով.
- անհետաձգելի միջոցներ ձեռնարկել տեղի ունեցած ճանապարհային պատահարների վերաբերյալ (մեքենայի ու վարորդի բացահայտում, տուժածների առաջին բուժօգնության ցուցաբերում, վկաների բացահայտում, տեղի ունեցած պատահարի վայրի պաշտպանում, փաստաթղթերի ձևակերպում).
- մասնակցել զինավտոտեսչության ծառայության կազմակերպած միջոցառումներին.
- զինավտոտեսչության հսկիչ կետում ծառայությունն ավարտելուն պես կայազորի ավտոտեսչության պետին գրավոր զեկուցագիր ներկայացնել, հսկիչ կետի անձնակազմի հետ վերադառնալ իր զորամաս և զորամասի հերթապահին զեկուցել առաջադրանքը կատարելու մասին: