Հոդված 143
Հոդված 143
Պահակապետը անարգել թույլատրում է պահակատուն միայն այն անձանց, որոնց ենթակա է պահակախումբը (93 հոդված), նրանց ուղեկցողներին, ինչպես նաև այն վաշտի (մարտկոցի) հրամանատարին, որի կազմից նշանակվել է պահակախումբը, նրա տեղակալներին և վաշտի (մարտկոցի) բոլոր անմիջական պետերին, եթե դեմքով ճանաչում է: Այդ անձանց պահակատուն գալու մասին նա զեկուցում է պահակախմբերի (զորամասերի) հերթապահին: Մյուս անձանց մուտքը նա թույլատրում է ժամանողի անձը փաստաթղթերով պարզելուց և մուտքի թույլտվությունը ստուգելուց հետո:
256 հոդվածում թվարկված պետերի հանձնարարությամբ ստուգման եկած անձանց մուտքը պահակատուն թույլատրվում է միայն պահակախմբերի (զորամասի) հերթապահի կամ նրա օգնականի (զորամասի հերթապահի օգնականի, եթե պահակախումբը նրան է ենթարկվում) ուղեկցությամբ:
Ներքին պահակախումբ ստուգման եկած նույն զորամասի սպաների մուտքը պահակատուն թույլատրվում է անձնական վկայականով և ստուգման իրավունքը հաստատող մեկանգամյա վկայականով:
Ոչ ճիշտ ձևակերպված փաստաթղթերով անձանց պահակապետը պահում է, նրանց մասին անհապաղ զեկուցում պահակախմբերի (զորամասի) հերթապահին, այնուհետև գործում նրա ցուցումով:
Պահակատան մուտքի յուրաքանչյուր թույլտվություն, բացի պահակախումբը ստուգելու եկած անձանց թույլտվությունից, պահակապետը գրառում է պահակակետերի տեղեկագրում:
Պահակախմբերի հերթափոխի ժամանակ կալանատան և պահպանվող օբյեկտների մուտքի թույլտվություն չի տրվում, բացառություն են կազմում պահակախումբը ստուգելու եկած անձինք: