Հոդված 129
Հոդված 129
Վաշտից (մարտկոցից) նշանակված պահակախմբի անձնակազմը նախապատրաստելը կազմակերպում և անձամբ անցկացնում է վաշտի (մարտկոցի) հրամանատարը, գումարտակից (դիվիզիոնից) նշանակված պահակախմբինը` գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարը և շտաբի պետը, իսկ զորամասից նշանակված պահակախմբինը` զորամասի հրամանատարի տեղակալներից մեկը:
Պահակախմբում ծառայության նախապատրաստումն անցկացվում է հետևյալ փուլերով`
- առաջին` վերակարգի անցնելուց երեք օր առաջ պահակակետերի ցուցակի համաձայն իրականացվում է պահակախմբի անձնակազմի ընտրությունը և բաշխումը.
- երկրորդ` վերակարգի անցնելու նախօրյակին կարգացուցակով նշված ժամերին պահակախմբի անձնակազմի հետ պարապմունք է անցկացվում կանոնադրությունների դրույթների, պահակակետերի ցուցակի ուսումնասիրության վերաբերյալ` պահպանվող օբյեկտների մակետի վրա ճշտելով պահակակետերում ժամապահների հատուկ պարտականությունների և գործողությունների, ինչպես նաև անվտանգության համապատասխան հրահանգների և պահանջների տարբերակները.
- երրորդ` պահակախմբի կազմ մտնելու օրն անցկացվում է գործնական պարապմունք` պահակակետերում ժամապահների գործողությունների մշակմամբ:
Կանոնագրքի դրույթների և ժամապահների հատուկ պարտականությունների ուսումնասիրության պարապմունքներն անցկացվում են պահակախմբերի պատրաստման դասարանում, կայազորային պահակախմբի հետ գործնական պարապմունքը` զինվորական պարետատան պահակային ավանում, իսկ ներքին պահակախմբի հետ` զորամասի պահակային ավանում (10 հավելված):
Պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) նախապատրաստումն իրականացնում է կայազորի զինվորական պարետը (զորամասի շտաբի պետը)` կազմակերպված ամենամսյա պարապմունքներում և պահակախմբի հերթափոխումից առաջ կազմակերպված գործնական պարապմունքների ընթացքում:
Անձնակազմի պահակային ծառայության պահակախմբերի նախապատրաստման առաջին և երկրորդ փուլերի միջոցառումներ անցկացնելու ժամանակը սահմանում է զորամասի հրամանատարը, պահակախմբերի պատրաստության որակը չիջեցնելով:
(129-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-126-Ն)