Հոդված 16. Գնումների աջակցման կենտրոնը
Հոդված 16. Գնումների աջակցման կենտրոնը
1. Գնումների աջակցման կենտրոնը`
1) իրականացնում է գնումները համակարգողների մասնագիտական ուսուցումը ու շարունակական վերապատրաստումը.
2) տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն` պատվիրատուներին անվճար, իսկ մասնակիցներին և այլ անձանց` վճարովի.
3) գնահատում է մասնակիցների` գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը, կնքում է շրջանակային համաձայնագրեր, կազմում և տեղեկագրում հրապարակում է`
ա. շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակը,
բ. գնումների նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակը.
4) իրականացնում է էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և համակարգման գործառույթները.
5) կազմում և հրապարակում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների էլեկտրոնային տեղեկատուներ, վերլուծում է գնումների վերաբերյալ տվյալները և ներկայացնում եզրակացություններ.
6) ընտրանքային կարգով գնահատում է պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները` սույն օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից: Գնահատման արդյունքները ներկայացվում են պատվիրատուներին և լիազորված մարմնին.
7) գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքման նպատակով ապահովում է գնումների աջակցության ծառայության (թեժ գիծ) առկայությունը.
8) հանդես է գալիս որպես գնումների բողոքարկման խորհրդի քարտուղարություն`
ա. կազմակերպում է խորհրդի աշխատանքները,
բ. գնահատում է ստացված բողոքների (դիմումների) ամբողջականությունը և խորհրդին եզրակացություն է ներկայացնում յուրաքանչյուր բողոքի վերաբերյալ,
գ. հրապարակում է խորհրդի որոշումները.
9) իրականացնում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2. Գնումների աջակցման կենտրոնի լիազորությունները սահմանվում են վերջինիս և լիազորված մարմնի միջև կնքված պայմանագրով: