Հոդված 8. Գնման ընթացակարգի արձանագրությունը և գնումների հաշվետվությունները
Հոդված 8. Գնման ընթացակարգի արձանագրությունը և գնումների հաշվետվությունները
1. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն կազմում է գնման ընթացակարգի արձանագրություն: Գնման ընթացակարգի արձանագրությունը գնման ձևին համապատասխան պարունակում է`
1) պատվիրատուի անվանումը, գտնվելու վայրը.
2) գնման անհրաժեշտությունը և գնման ձևի ընտրության հիմնավորումը.
3) հրավերը և դրանում կատարված փոփոխությունները.
4) գնման վերաբերյալ ստացված հարցումները և ներկայացված պարզաբանումները.
5) հայտեր ներկայացրած մասնակիցների տվյալները` անվանումը, գտնվելու կամ բնակության վայրը, կապի միջոցները.
6) հայտերով ներկայացված գները.
7) հայտերի գնահատման կարգը և դրանց գնահատման արդյունքները.
8) հայտի մերժման դեպքում` դրա հիմնավորումը.
9) պայմանագիրը, իսկ գնման գործընթացի արդյունքում պայմանագիր չկնքվելու դեպքում` դրա հիմնավորումը.
10) գնման գործընթացի շրջանակներում հակաօրինական գործողություններ հայտնաբերվելու դեպքում դրանց և այդ կապակցությամբ ձեռնարկված գործողությունների համառոտ նկարագիրը.
11) գնման գործընթացի վերաբերյալ ներկայացված բողոքները և դրանց վերաբերյալ կայացված որոշումները.
12) այլ անհրաժեշտ տեղեկություններ:
2. Պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների հաշվառման նպատակով, պետական բյուջեի միջոցների հաշվին պայմանագիր կնքելուց կամ գնման գործընթացը չկայացած հայտարարվելուց հետո` յոթ օրացուցային օրվա ընթացքում, պատվիրատուն լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն` գնման գործընթացի մասին:
3. Եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն ապահովում է գնման նպատակով կատարված գործողությունների և դրանց հիմքերի մասին համապատասխան փաստաթղթերի (կամ էլեկտրոնային փաստաթղթերի) առկայությունը և դրանց պահպանումը:
4. Պատվիրատուն պարտավոր է գնման ընթացակարգի արձանագրության կամ դրա մաս կազմող փաստաթղթի պատճենը, բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների, տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց հինգ օրացուցային օրվա ընթացքում:
5. Գնումների տարեկան հաշվետվությունը կազմելու և հրապարակելու նպատակով պատվիրատուները լիազորված մարմին են ներկայացնում հաշվետվություններ: