Հոդված 21. Նախաորակավորման ընթացակարգեր
Հոդված 21. Նախաորակավորման ընթացակարգեր
1. Նախաորակավորման ընթացակարգ կազմակերպելու դեպքում`
1) այդ մասին հրապարակվում է նախաորակավորման հայտարարություն.
2) նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի քսանհինգ օրացուցային օրից, որը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման պահից:
2. Նախաորակավորման հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ու պարունակում է հետևյալ տեղեկությունները`
1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.
2) գնման ընթացակարգի ծածկագիրը.
3) մասնակիցների նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.
4) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն նախաորակավորման հայտերը.
5) պայմանագրի և գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը.
6) նախաորակավորման հայտի պատրաստման և ներկայացման կարգը, այդ թվում` ձևն ու վայրը, ներկայացման վերջնաժամկետը.
7) մասնակցի` մասնակցության իրավունքին և որակավորմանը ներկայացվող պահանջները և դրանց գնահատման կարգը.
8) այլ անհրաժեշտ պահանջներ, որոնք վերաբերում են նախաորակավորման ընթացակարգին:
3. Պատվիրատուն պետք է երեք օրացուցային օրվա ընթացքում պատասխանի մասնակցի նախաորակավորման վերաբերյալ պարզաբանումներ տալու հարցմանը, եթե այն ստացվել է ոչ ուշ, քան նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետից հինգ օրացուցային օր առաջ: Հարցման և տրված պարզաբանման մասին տեղեկատվությունը պատվիրատուն միաժամանակ հրապարակում է տեղեկագրում, ընդ որում, չեն նշվում պարզաբանում պահանջած մասնակցի տվյալները: Որևէ մասնակցի տեղեկություն տրամադրելու դեպքում, պատվիրատուն պետք է ապահովի այդ տեղեկության մատչելիությունը բոլոր հնարավոր մասնակիցների համար:
4. Նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ նախաորակավորման հրավերում կարող են կատարվել փոփոխություններ:
Փոփոխություն կատարելու դեպքում`
1) այդ մասին տեղեկությունները շրջանառվում են նույն եղանակով, ինչպես որ շրջանառության մեջ են դրվել նախաորակավորման սկզբնական հայտարարությունը և հրավերը.
2) նախաորակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հայտարարության հրապարակման օրվանից:
Փոփոխություններ կատարելու օրվան հաջորդող 3 օրացուցային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու և դրանք տրամադրելու պայմանների մասին հայտարարություն է հրապարակվում տեղեկագրում:
5. Նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով գնահատվում է մասնակցի հայտը` գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը կազմվում է նախաորակավորված մասնակիցների ցուցակ:
6. Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցները:
7. Նախաորակավորման ընթացակարգի արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը գնման ընթացակարգի արձանագրության անբաժան մաս է, և մասնակցի նախաորակավորման ընթացակարգի արդյունքներն ամփոփելու օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում ուղարկվում է նախաորակավորման մասնակիցներին:
8. Եթե նախաորակավորման ընթացակարգին հայտ է ներկայացրել մինչև երեք մասնակից, ապա գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող է`
1) նախաորակավորման հայտարարությունը վերահրապարակվել.
2) կազմակերպվել նախաորակավորման նոր ընթացակարգ.
3) նախաորակավորման ընթացակարգը չեղյալ հայտարարվել: