Անցնել բովանդակությանը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 8 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱԶԱՏԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼԸ

Հոդված 35

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35.

Պայմանագրային զինծառայողներին զինվորական պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները

1. Պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնի նշանակվում է` հաշվի առնելով զինծառայողի համապատասխանությունը տվյալ պաշտոնին, մասնագիտական ու ծառայողական ունակությունները, հոգեբանական որակները, առողջական վիճակը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ: Պայմանագրային զինծառայողը նշանակվում է իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի` հաշվի առնելով ծառայողական գործունեության փորձը: Պայմանագրային զինծառայողի` նոր մասնագիտական զինվորական պաշտոնի նշանակմանը պետք է նախորդի համապատասխան վերապատրաստումը:

2. Բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական խմբերի զինվորական պաշտոնների կարող է նշանակվել այն պայմանագրային զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն երեք տարի ժամկետով զբաղեցրել է զինված ուժերի կամ այլ զորքերի ավագ հրամանատարական խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում կամ մինչև նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն երեք տարի զբաղեցրել է զինված ուժերի ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական խմբերի պաշտոններին համապատասխանող պաշտոն և ունի զինված ուժերի գնդապետից ոչ ցածր համապատասխան հատուկ կոչում (դասային աստիճան):

3. Ավագ հրամանատարական կամ «գնդապետ» կոչումային դասակարգմամբ ավագ սպայական խմբերի զինվորական պաշտոնների կարող է նշանակվել այն պայմանագրային զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն երեք տարի զբաղեցրել է միջին հրամանատարական խմբի զինվորական պաշտոն կամ մինչև նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն երեք տարի զբաղեցրել է զինված ուժերի միջին հրամանատարական կամ «գնդապետ» կոչումային դասակարգմամբ ավագ սպայական խմբերի պաշտոններին համապատասխանող պաշտոն և ունի բարձրագույն զինվորական (մասնագիտական) կրթություն: «Փոխգնդապետ» կամ «մայոր» կոչումային դասակարգմամբ ավագ սպայական խմբերի զինվորական պաշտոնի կարող է նշանակվել այն պայմանագրային զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն երեք տարի զբաղեցրել է «կապիտան» կոչումային դասակարգմամբ կրտսեր սպայական խմբի զինվորական պաշտոն կամ մինչև նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն երեք տարի զբաղեցրել է զինված ուժերի «փոխգնդապետ» կամ «մայոր» կոչումային դասակարգմամբ ավագ սպայական խմբերի պաշտոններին համապատասխանող պաշտոն և ունի բարձրագույն զինվորական (մասնագիտական) կրթություն:

4. Միջին հրամանատարական խմբի զինվորական պաշտոնների կարող են նշանակվել բարձրագույն կրթությամբ կրտսեր սպայական կոչում ունեցող պայմանագրային զինծառայողները:

5. Կրտսեր հրամանատարական խմբի զինվորական պաշտոնների կարող են նշանակվել սպայական կամ ենթասպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած կամ համապատասխան ռազմահաշվառական մասնագիտություն ունեցող պայմանագրային զինծառայողները: Զինվորական պաշտոնին համապատասխանող ռազմահաշվառական մասնագիտությունների ցանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

6. Զինվորական պաշտոնի նշանակելիս պահպանվում են հետևյալ պայմանները.

1) հրամանատարական և ոչ հրամանատարական խմբերի զինվորական պաշտոնների նշանակվում են համապատասխան կազմերի պայմանագրային զինծառայողներ: Այն պաշտոնների ցանկը (բացառությամբ բարձրագույն հրամանատարականի և բարձրագույն սպայականի), որոնք կարող են համալրվել ստորադաս կազմերի պայմանագրային զինծառայողներով, սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը.

2) ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից զինվորական ծառայության համար պիտանի, սակայն ունեցած ռազմահաշվառական մասնագիտությանը ոչ պիտանի ճանաչված պայմանագրային զինծառայողն իր համաձայնությամբ կարող է նշանակվել այլ ռազմահաշվառական մասնագիտությամբ զինվորական պաշտոնի.

3) եթե պայմանագրային զինծառայողին չի տրվում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն, ապա նա նշանակվում է այդպիսի թույլտվություն չպահանջող պաշտոնի, իսկ այդպիսի թափուր զինվորական պաշտոն առկա չլինելու դեպքում արձակվում է պայմանագրային զինվորական ծառայությունից.

4) պայմանագրային զինծառայողին չի թույլատրվում նույն զորամասում համատեղ ծառայել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.

5) պայմանագրային զինծառայողները պաշտոնի (բացառությամբ բարձրագույն հրամանատարականի) նշանակվում են անհատական հրամաններով, որ արձակում է տվյալ զինվորական պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պետը.

6) ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա, կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա) ավարտած զինծառայողը նշանակվում է իր ռազմահաշվառական կամ բարձրագույն կրթությանը համապատասխանող՝ նախկինում զբաղեցրած զինվորական պաշտոնին հավասար կամ բարձր կամ իր համաձայնությամբ՝ ցածր զինվորական պաշտոնի:

7. Պայմանագրային զինծառայողներին զինվորական պաշտոնի (բացառությամբ բարձրագույն հրամանատարականի) նշանակումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

8. Ռազմաբժշկական կամ ռազմաուսումնական հաստատությունների մասնագիտական կամ ակադեմիական կազմի պաշտոններում կարող են նշանակվել նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող անձինք՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

(35-րդ հոդվածը փոփ. 13.04.23 ՀՕ-126-Ն, 11.09.25 ՀՕ-300-Ն, լրաց., փոփ. 11.05.26 ՀՕ-201-Ն )

(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 11.09.25 ՀՕ-300-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի առաջին փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։