Հոդված 7.1. «Ակցիզային պահեստ» ռեժիմը
Հոդված 7.1. «Ակցիզային պահեստ» ռեժիմը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2203, 2206, 2207, 2208 (բացառությամբ 220820120 ծածկագրին դասվող ապրանքի) և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների պահպանումը, տրամադրումը, տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) իրականացվում են «Ակցիզային պահեստ» ռեժիմի պայմաններին համապատասխան:
2. «Ակցիզային պահեստ» ռեժիմը սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների արտադրության կամ ներմուծման պահից մինչև այդ ռեժիմը դադարելու պահը այդ ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ), դրանց իրացման ծավալների ու գների գրանցման և գործարքների փաստաթղթավորման նկատմամբ հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողությունն է:
3. «Ակցիզային պահեստ» ռեժիմը տարածվում է հարկ վճարողի ակցիզային պահեստի վրա, որն ընդգրկում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների պահպանման, առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) կազմակերպման համար նախատեսված տարածքները:
Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքներ արտադրողների և (կամ) ներմուծողների կողմից մինչև գնորդին ապրանքի առաքումը, տրամադրումը կամ տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) վերը նշված ապրանքների պահպանումն այլ վայրերում արգելվում է, բացառությամբ այն դեպքի, երբ ակցիզային պահեստ տեղափոխման ժամանակ ապրանքները գտնվում են տրանսպորտային միջոցներում:
4. Որևէ ապրանքի (ապրանքների խմբաքանակի) մասով «ակցիզային պահեստ» ռեժիմի ավարտի պահ («ակցիզային պահեստ» ռեժիմի դադարման պահ) է համարվում «ակցիզային պահեստ» ռեժիմի պահանջների պահպանմամբ հարկ վճարողի ակցիզային պահեստից ապրանքները գնորդներին առաքելու, տրամադրելու կամ տեղափոխելու (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) պահը:
5. «Ակցիզային պահեստ» ռեժիմում գտնվող ապրանքների առաքումը, տրամադրումը, տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) կարող են իրականացվել հարկային մարմնի ղեկավարի կողմից նշանակված` «ակցիզային պահեստ» ռեժիմի նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողի ներկայությամբ կամ նրա բացակայության պայմաններում, եթե սույն մասով այլ բան նախատեսված չէ:
«Ակցիզային պահեստ» ռեժիմում գտնվող ապրանքների առաքումը, տրամադրումը, տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) կարող են իրականացվել միայն հարկային մարմնի ղեկավարի կողմից նշանակված` «ակցիզային պահեստ» ռեժիմի նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողի ներկայությամբ, եթե հարկ վճարողը հարկային հսկողություն իրականացնող հարկային ծառայողին չի ներկայացրել սույն օրենքի 7.2 հոդվածի 5-րդ մասով սահմանված աշխատանքային ռեժիմը:
6. Ակցիզային պահեստում գտնվող` արտադրված ապրանքների հետ կարող են իրականացվել միայն այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են դրանց պահպանմանը, առաքմանը, տրամադրմանը, տեղափոխմանը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) կամ վաճառքի համար նախապատրաստմանը:
7. Ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքները (ներառյալ` դրանց փոփոխությունները) որոշվում են հարկային մարմնի և արտադրողի կամ ներմուծողի միջև համաձայնությամբ:
(7.1-րդ հոդվածը լրաց. 29.10.09 ՀՕ-202-Ն)