Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-10-22-ից մինչև 2012-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 7.2. Ակցիզային պահեստում գտնվող ապրանքների հաշվառման, բացթողնման և հսկողության իրականացման կարգը

գործել է մինչև 2012-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 7.2. Ակցիզային պահեստում գտնվող ապրանքների հաշվառման, բացթողնման և հսկողության իրականացման կարգը

1. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների, ինչպես նաև մինչև դրոշմավորումը ստացված ակցիզային դրոշմանիշերի քանակությունները և դրանց շարժը գրանցվում են վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի մատյաններում: «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և շարժի մատյանի (այսուհետ` մատյան) էջերը համարակալվում, կազմվում և կնքվում են հարկային մարմնի կողմից: Մատյանը հարկային մարմնի կողմից կնքվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Առանձին մատյանների առկայությունը պարտադիր է ակցիզային պահեստի որևէ ձևով առանձնացված փակ տարածք հանդիսացող տեղամասերում (բացառությամբ այն տեղամասի, որտեղից իրականացվում է ապրանքների առաքումը): Մատյանի ձևը, դրանց լրացման և վարման կարգը սահմանում է հարկային մարմինը:

2. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների առաքման, տրամադրման կամ տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) գրանցումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ակցիզային պահեստից ապրանքների առաքումն իրականացվում է միայն հարկային հաշվի դուրսգրմամբ:

Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրումը կամ տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) իրականացվում է հարկային հաշիվ չհանդիսացող այլ հաշվարկային փաստաթղթերով:

Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) ժամանակ օգտագործվող փաստաթղթերի ձևերը տրամադրում է հարկային մարմինը, որոնց օգտագործման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները սահմանում է վերադաս հարկային մարմինը:

4. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում հսկողություն իրականացնում է վերադաս հարկային մարմնի ղեկավարի նշանակած` «ակցիզային պահեստ» ռեժիմի կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողը (այսուհետ` հարկային ծառայող), որն օգտվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավունքների այն մասից, որոնք չեն հակասում սույն օրենքի 7.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հսկողության, ինչպես նաև սույն հոդվածով նախատեսված մատյանների վարման և փաստաթղթերի դուրսգրման նկատմամբ հսկողության իրականացմանը:

Սույն մասում նշված հարկային ծառայողը կարող է անարգել մուտք գործել ակցիզային պահեստի ցանկացած տեղամաս, ներկա գտնվել ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) համար նախապատրաստման և բացթողնման գործընթացներին:

5. Հարկ վճարողը պարտավոր է հարկային ծառայողին գրավոր տեղեկացնել իր աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` դրանում ներառելով նաև տեղեկություններ ակցիզային պահեստից ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) նախապատրաստման, դրանց ժամանակի և վայրի (տեղամասի) մասին:

6. Ապրանքը համարվում է հարկային ծառայողի հսկողությունը շրջանցելով առաքված, տրամադրված կամ տեղափոխված (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ), եթե առաքվել, տրամադրվել կամ տեղափոխվել է`

1) ոչ ակցիզային պահեստի տարածքից.

2) ակցիզային պահեստի այն վայրից (տեղամասից), որտեղից առաքում, տրամադրում կամ տեղափոխում (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) իրականացնելու մասին ակցիզային պահեստում գտնվող հարկային ծառայողը տեղեկացված չի եղել:

(7.2-րդ հոդվածը լրաց. 29.10.09 ՀՕ-202-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։