Հոդված 10. Բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման կարգը
Հոդված 10. Բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման կարգը
1. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջակա միջավայր արտանետված վնասակար նյութերի ծավալի հիման վրա և վճարվում է սույն օրենքին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ:
Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում և վճարվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
2. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա և պետական բյուջե է վճարվում ներմուծելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է ներմուծողը՝ այդ ապրանքների համար «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք) սահմանված կարգով որոշվող ավելացված արժեքի հարկով հարկման բազայի (առանց այդ ապրանքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի) հիման վրա (այսուհետ՝ վճարի հաշվարկման բազա) և պետական բյուջե է վճարում մինչև այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Սույն պարբերությունում նշված բնապահպանական վճարի հաշվարկը ներառվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրում:
Հայաստանի Հանրապետություն ներմուծված և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների (բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների) համար վճարը հաշվարկում է ներմուծողը` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների իրացման շրջանառությունից և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափից: Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարը պակասեցվում է՝
1) ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ներմուծված և իրացված՝ ապրանքների ներմուծման համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով` հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարի գումարից: Հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների համար հաշվարկված վճարից չպակասեցված վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն.
2) ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից ներմուծված և իրացված՝ ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով` հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարի գումարից: Հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների համար հաշվարկված վճարից չպակասեցված վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է արտադրողը` իրացման շրջանառության հիման վրա և վճարում է հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքին համամասնորեն: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործվել են Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ, ապա սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարը պակասեցվում է`
1) իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար մաքսային հայտարարագրերում կամ ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից.
2) իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Հայաստանի Հանրապետության մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և մատակարարներին վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից:
Հայաստանի Հանրապետությունում արտադրված և հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների համար հաշվարկված վճարից չպակասեցված` իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:
Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական վճարների գումարները հաշվարկային փաստաթղթերում առանձնացնում են միայն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող իրացնողները և արտադրող իրացնողները:
3. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարը հաշվարկվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հատուկ հատկացված տեղերում տեղադրված արտադրության և սպառման թափոնների ծավալներից և դրանց վտանգավորության դասից, ու վճարվում է սույն օրենքին համապատասխան:
(10-րդ հոդվածը խմբ. 05.12.00 ՀՕ-122, լրաց. 01.06.06 ՀՕ-98-Ն, խմբ. 20.12.06 ՀՕ-246-Ն, լրաց. 23.05.11 ՀՕ-175-Ն, խմբ. 12.05.16 ՀՕ-72-Ն)