Հոդված 18. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը
Հոդված 18. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը
1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
2. Վճարը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և սույն օրենքի մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են վճարողները, իսկ իրավաբանական անձանց դեպքում` դրանց օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:
Վճար վճարողի կողմից սույն օրենքով սահմանված հաշվարկ-հաշվետվություններ չներկայացնելու կամ ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու կամ օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններին տեղեկություններ (հաշվետվություններ) չներկայացնելու կամ ներկայացված տեղեկություններում (հաշվետվություններում) ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու կամ վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների կամ ռոյալթիի հաշվարկման բազայի հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով վարելու, ինչպես նաև սույն հոդվածի 9-րդ կետում նշված դեպքերում հարկային մարմինը կարող է կիրառել վճարողների հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները անուղղակի եղանակներով գնահատելու` օրենքով սահմանված կարգը:
Եթե ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 20 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում՝ մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում պարունակվող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային միջին գների 80 տոկոսի արտադրյալը:
Սույն օրենքի կիրառության իմաստով մետաղի միջազգային միջին գին է համարվում ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի, իսկ նշված աղբյուրի կողմից որևէ մետաղի վերաբերյալ տվյալներ չհրապարակվելու դեպքում՝ համանման միջազգային այլ հեղինակավոր աղբյուրի տվյալների հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար հրապարակված գինը (հրապարակելով նաև աղբյուրի վերաբերյալ տեղեկությունները):
3. Վճարումներն (այդ թվում` ռոյալթիների կանխավճարների կատարումը) ուշացնելու համար վճարողներից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված գումարի 0.15 տոկոսի չափով:
Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված վճարի գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) վճարման օբյեկտի գծով վճարի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
4. Վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սույն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար վճարողից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված վճարի գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հաշվարկված վճարի գումարը:
Սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ վճարի հաշվարկ-հաշվետվությունը հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ վճարի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:
5. Սույն օրենքի 4 և 5 հոդվածներով սահմանված գործառույթներ իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ գործառույթն իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք կրում են վճարման պարտավորություններ` սույն օրենքով սահմանված կարգով:
6. Վճարը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու (սահմանված հաշվարկ-հաշվետվություններում վճարի գումարը ցույց չտալու, պակաս ցույց տալու կամ գործունեություն չիրականացնելու մասին կեղծ տվյալներ ներկայացնելու) դեպքում գանձվում է սույն օրենքին համապատասխան հաշվարկված` թաքցված կամ պակաս ցույց տրված վճարի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում վճարը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում նաև տուգանք` վճարի ամբողջ գումարի չափով:
Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև վճարի օբյեկտ հանդիսացող գույք չունենալու դեպքում վճարողը ներկայացնում է հայտարարություն, որը համարվում է լիազոր և հարկային մարմիններ ներկայացվող փաստաթղթերի ամփոփ ձև:
7. Թաքցված կամ պակաս ցույց տրված վճարը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված տույժերը և տուգանքները պետական բյուջե, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 15-օրյա ժամկետում:
Ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների նկատմամբ նշված 15-օրյա ժամկետում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 15-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:
8. Վճարման պարտավորությունների գծով գումարի մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում գումարը ենթակա է գանձման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:
9. Եթե լիազոր կամ հարկային մարմիններն ունեն փաստեր այն մասին, որ չմարված վճարային պարտավորություններ ունեցող վճարողները վերացնում (լուծարում) են վճարման պարտավորություն առաջացնող իրենց օբյեկտները կամ թաքցնում են դրանք, որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել սույն օրենքով սահմանված վճարները, ապա այդ մարմինները կարող են միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակաշրջանը դրանք գանձելու համար: Այդ դեպքում լիազոր կամ հարկային մարմինները կարող են պահանջել հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկ-հաշվետվություններ և օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր` մինչև դրանք ներկայացնելու ժամկետը լրանալը:
(18-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.12.00 ՀՕ-122, լրաց. 15.05.01 ՀՕ-184, խմբ. 21.08.08 ՀՕ-145-Ն, խմբ., լրաց. 08.12.10 ՀՕ-190-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-215-Ն, լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն, փոփ. 07.12.11 ՀՕ-311-Ն, խմբ. 05.12.13 ՀՕ-144-Ն, փոփ. 19.11.14 ՀՕ-190-Ն, խմբ., լրաց. 01.03.17 ՀՕ-78-Ն, խմբ. 24.11.15 ՀՕ-163-Ն)