Հոդված 13.7. Ռոյալթիի հաշվարկ-հաշվետվությունները
Հոդված 13.7. Ռոյալթիի հաշվարկ-հաշվետվությունները
1. Ռոյալթի վճարողները պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու տարվա համար, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ, լիազոր մարմնի սահմանած ձևով ռոյալթիների հաշվարկ-հաշվետվությունները բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնել իրենց հաշվառման հարկային մարմին, որում արտացոլվում է սույն օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող դրույքաչափով հաշվարկվող ռոյալթին: Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև ռոյալթիի հաշվարկման օբյեկտի բացակայության դեպքում վճարողը կարող է ներկայացնել գրավոր հայտարարություն, որը համարվում է հարկային մարմին ներկայացվող հաշվարկների ամփոփ ձև:
2. Յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ներկայացվող հաշվարկ-հաշվետվության հետ մեկտեղ վճարողները ներկայացնում են նաև հաշվետու տարվան հաջորդող տարում իրականացվելիք` արտադրանքի մատակարարումներին վերաբերող` արտադրանքի մատակարարման պայմանագրերի պատճենները` հայերեն բովանդակությամբ կամ դրանց հայերեն թարգմանությամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանագրերը հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման ժամկետից հետո կնքվելու կամ հարկային մարմին ներկայացրած պայմանագրերի փոփոխությունների դեպքերում դրանց պատճենները բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացվում պայմանագրի կնքման (փոփոխությունների կատարման) ամսաթվին հաջորդող 30-օրյա ժամկետում: Արտադրանքի մատակարարման կնքված պայմանագրերը լուծվելու դեպքում դրանց վերաբերյալ լիազոր մարմնի սահմանած ձևի տեղեկությունները բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացվում պայմանագրի լուծման ամսաթվին հաջորդող 30-օրյա ժամկետում:
4. Նախորդ հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում վճարողների կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերվելու դեպքում վճարողները կարող են հարկային մարմին ներկայացնել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց հիման վրա հարկային մարմինը կատարում է այդ ժամանակահատվածների համար ռոյալթիների պարտավորությունների վերահաշվարկ:
5. Հարկային մարմինների կողմից վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո վճարողները հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակահատվածներին վերաբերող ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ չեն ներկայացվում:
6. Արտադրանքի մատակարարման պայմանագրերով նախատեսված` ռոյալթիի հաշվարկման օբյեկտի և ռոյալթիի հաշվարկման բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները կատարվում են, և դրանց արդյունքներն արտացոլվում են վերջնահաշվարկն ընդգրկող հաշվետու ժամանակահատվածում (արտացոլվում են այդ հաշվետու ժամանակահատվածի հաշվարկ-հաշվետվություններում):
(13.7-րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն, 12.05.16 ՀՕ-77-Ն)