Հոդված 12
Հոդված 12.
Հրապարակային հանրագրերը ներկայացնելու և քննարկելու առանձնահատկությունները
1. Հրապարակային հանրագրերը ներկայացնելու և դրանց պատասխան ներկայացնելու նկատմամբ կիրառվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոնները` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:
2. Հրապարակային հանրագիրը ներկայացվում է էլեկտրոնային միասնական հարթակում սահմանված ձևաթուղթը լրացնելու միջոցով:
3. Հրապարակային հանրագիր նախաձեռնած անձը համարվում է գլխավոր նախաձեռնող: Հրապարակային հանրագրին միացած անձինք համարվում են հանրագրի աջակիցներ:
4. Գլխավոր նախաձեռնողը նշում է իր անուն-ազգանունը, հասցեն, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ հանրագրի աջակիցները` անուն-ազգանունը և էլեկտրոնային փոստի հասցեն: Գլխավոր նախաձեռնողի անունը և կապի միջոցի վերաբերյալ տվյալները հրապարակվում են հանրագրի հետ:
5. Հրապարակային հանրագիրը մերժելու հիմքերի բացակայության դեպքում իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը հնգօրյա ժամկետում հանրագիրը հրապարակում է էլեկտրոնային միասնական հարթակում:
6. Հրապարակային հանրագրի գլխավոր նախաձեռնողը գրավոր ծանուցվում է հանրագրի հրապարակման, հանրագրի քննարկումը մերժելու որոշման մասին:
7. Անձինք հրապարակային հանրագրին կարող են միանալ հանրագիրը էլեկտրոնային միասնական հարթակում հրապարակվելուց հետո` 30-օրյա ժամկետում:
8. Հրապարակային հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետը հաշվարկվում է սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալուն հաջորդող օրվանից:
9. Հրապարակային հանրագրերը ներկայացնելու ձևաթուղթը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: