Հոդված 5
Հոդված 5.
Հանրագիրը ներկայացնելու կարգը
1. Հանրագիր ներկայացնելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք:
2. Մինչև տասնչորս տարեկան անչափահասները հանրագիրը ներկայացնում են օրինական ներկայացուցչի միջոցով:
3. Հանրագիրը ներկայացվում է գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) կամ էլեկտրոնային եղանակով:
4. Հանրագիրը ներկայացվում է հայերեն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
5. Եթե անհատական ընդունելության ժամանակ անձի հնչեցրած առաջարկությունը բովանդակում է սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները, և անձն ստորագրում է ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, ապա այդ արձանագրությունը դիտարկվում է որպես հանրագիր և քննվում սույն օրենքով սահմանված կարգով:
6. Հանրագիրը կարող է ներկայացվել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով:
7. Հանրագիրը ներկայացվում է այն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, որոնց իրավասություններին վերաբերում են հանրագրով առաջադրված հարցերը:
8. Սահմանադրության 7-րդ գլխով նախատեսված դատական իշխանության մարմիններին հանրագրեր ներկայացվում են նրանց գործունեության կազմակերպման հարցերով, որոնց վերաբերյալ պատասխան ներկայացնելու իրավունք ունեն նաև դատական իշխանության մարմինների աշխատակազմերը:
9. Տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված հանրագրերը վերադարձնելու, ինչպես նաև հանրագրի քննարկումը մերժելու հետ կապված հարցերը որոշում է համայնքի աշխատակազմը:
10. Հանրագիրը ենթակա չէ քննարկման, եթե հանրագիր ներկայացրած անձը դիմում է ներկայացրել այն հետ վերցնելու վերաբերյալ:
11. Կոլեկտիվ հանրագիրը ենթակա չէ քննարկման, եթե ներկայացվել է կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու վերաբերյալ դիմում` կոլեկտիվ հանրագրի բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Եթե կոլեկտիվ հանրագիր ներկայացրած անձինք, բացառությամբ մեկի, հրաժարվել են կոլեկտիվ հանրագրից, ապա այն դադարում է համարվել կոլեկտիվ և ենթակա է քննարկման` որպես անհատական հանրագիր:
12. Անկախ հանրագիրը հետ վերցնելու կամ կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու մասին դիմումից` հանրագիրը ենթակա է քննարկման, եթե հանրագրի քննարկումն էական նշանակություն ունի հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից:
13. Հանրագիրը հետ վերցնելու կամ կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու մասին դիմումը ներկայացվում է գրավոր: