Հոդված 5
Հոդված 5
1. Քրեական գործ հարուցվում և քննվում է ըստ հանցագործության կատարման վայրի, իսկ հանցագործության կատարման վայրը որոշելու անհնարինության դեպքում՝ ըստ հանցագործության հայտնաբերման վայրի, եթե սույն Պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Եթե անձը, որի նկատմամբ մի Կողմի իրավասու մարմինը քրեական հետապնդում է իրականացնում, հանդիսանում է այն Կողմի քաղաքացի, որը նրան չի հանձնում, ապա քրեական գործը կարող է փոխանցվել այդ Կողմին՝ տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով:
Եթե անձը հանցագործություններ է կատարել մի քանի Կողմերի տարածքներում, ապա հանցագործության կատարման վայր է համարվում այն Կողմի տարածքը, որտեղ կատարվել է վերջին հանցավոր արարքը:
Եթե անձը հանցագործություններ է կատարել տարբեր Կողմերի տարածքներում, ապա Կողմերի օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմինների հետ համաձայնեցմամբ, քրեական գործը կարող է քննվել այն Կողմի տարածքում, որտեղ կատարվել է հանցագործությունների մեծ մասը կամ առավել ծանր հանցագործությունը:
2. Յուրաքանչյուր Կողմ, իր օրենսդրությանը համապատասխան, կարող է հարուցել և քննել քրեական գործեր մյուս Կողմերի տարածքներում կատարված այն հանցագործությունների առնչությամբ, որոնք ուղղված են իր շահերի դեմ:
3. Քրեական գործով նախնական քննությունն իրականացվում է այն Կողմի քրեադատավարական օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում քննվում է քրեական գործը:
4. Եթե դիմումներ, հանցագործության մասին հաղորդումներ քննելիս կամ հանցագործության վերաբերյալ քրեական գործ քննելիս Կողմերից մեկը հայտնաբերում է մեկ այլ քրեորեն պատժելի այնպիսի արարքի հատկանիշներ, որը սույն Պայմանագրի 1-ին հոդվածի իմաստով հանցագործություն չի համարվում և կատարվել է մյուս Կողմի տարածքում, ապա գործի նյութերը փոխանցվում են այդ մյուս Կողմին՝ այդ պետության քրեադատավարական օրենսդրությանը համապատասխան քննելու համար: