Հոդված 12. Հանրաքվեի նշանակումը և անցկացումը, հանրաքվեի դրվող հարցի հրապարակումը
Հոդված 12. Հանրաքվեի նշանակումը և անցկացումը, հանրաքվեի դրվող հարցի հրապարակումը
1. Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունվելուց կամ Սահմանադրական դատարանի կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:
2. Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեն անցկացվում է հանրաքվե նշանակելուց ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո:
3. Հանրապետության նախագահի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն նշանակված է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:
4. Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակվելուց հետո այլ հանրաքվե նշանակելու անհրաժեշտության դեպքում Հանրապետության նախագահն այլ հանրաքվեն նշանակում է արդեն նշանակված հանրաքվեի հետ նույն օրը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նշանակված հանրաքվեի օրվանից առնվազն 15 օր հետո:
5. Նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
6. Հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է Ազգային ժողովի, Կառավարության, Հանրապետության նախագահի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքերում, http://www.azdarar.am կայքում, «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»՝ հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ: