Հոդված 19. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը
Հոդված 19. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը
1. Քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ: Քարոզչության ֆինանսավորման վրա տարածվում են նախընտրական հիմնադրամներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի դրույթները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Քարոզչությանը մասնակցող այլ անձինք առանձին հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն:
2. Հիմնադրամի միջոցները հավաքվում են Կենտրոնական բանկում հիմնադրամ ձևավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա Կենտրոնական բանկում բացված ժամանակավոր հատուկ հաշվեհամարներին: Այդ հաշվեհամարներին եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:
3. Հիմնադրամը ձևավորվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:
4. Հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեն`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները,
2) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները),
3) օտարերկրյա պետությունները, օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք,
4) քաղաքացիություն չունեցող անձինք,
5) բարեգործական, կրոնական, միջազգային կազմակերպությունները,
6) բաժնետիրական կապիտալում 30 տոկոսից ավելի օտարերկրյա բաժնեմաս ունեցող կազմակերպությունները,
7) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները և պետական ու համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները: