Հոդված 6. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննությունը և ժամկետները
Հոդված 6. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննությունը և ժամկետները
1. Պետական-իրավական փորձաքննությունը (այսուհետ` փորձաքննություն) իրականացվում է Սահմանադրությանը և սույն օրենքին նորմատիվ իրավական ակտի նախագծի համապատասխանությունը որոշելու նպատակով:
2. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը փորձաքննության է ենթարկվում արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունում (այսուհետ՝ նախարարություն), որից հետո տրվում է եզրակացություն:
3. Օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պարտադիր ենթակա են փորձաքննության, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
4. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը հիմնավորման հետ մեկտեղ փորձաքննության են ուղարկում համապատասխան ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը, ինչպես նաև Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները:
5. Փորձաքննության ներկայացվող նորմատիվ իրավական ակտին կցվող հիմնավորման մեջ շարադրվում են կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը (եթե կիրառելի է), կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը:
6. Նորմատիվ իրավական ակտի նախագծի փորձաքննության եզրակացությունը տրվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով: Առավել բարդ կամ ծավալուն նորմատիվ իրավական ակտի նախագծի փորձաքննության եզրակացության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 աշխատանքային օրով, որի մասին տեղեկացվում են նախագիծը ներկայացնողները:
7. Եթե սույն հոդվածով նախատեսված ժամկետներում նախարարությունը փորձագիտական եզրակացություն չի տալիս ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կամ չի երկարաձգում եզրակացության տրամադրման ժամկետը, ապա ակտն ընդունող մարմինն այն կարող է ընդունել և ուղարկել հրապարակման` առանց փորձագիտական եզրակացության:
(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-2-Ն)