Հոդված 44. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունելը
Հոդված 44. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունելը
1. Քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմավորումից հետո` մեկամսյա ժամկետում, վարչապետի հաստատմանն է ներկայացվում ժամանակացույց և միջոցառումների ծրագիր` սույն օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու համար:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, ընդունել սույն օրենքի կատարումն ապահովող Կառավարության որոշումները:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում, ընդունել սույն օրենքի կատարումն ապահովող փոխվարչապետի որոշումները:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, սույն օրենքին համապատասխանեցնել պետական ծառայության մյուս օրենքները՝ հիմք ընդունելով սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, մասնավորապես առանձնահատկություններ են սահմանվում զինվորական ծառայություն անցնող պետական ծառայողների պաշտոնների, ոստիկանությունում իրավապահ գործառույթներ իրականացնող ոստիկանության ծառայողների պաշտոնների, փրկարարական ծառայության պաշտոնների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պետական ծառայության պաշտոնների և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, օպերատիվ, հատուկ նշանակության, ուղեկցումների, ներքին անվտանգության, հերթապահության ստորաբաժանումների և շտաբի պաշտոնների, հարկադիր կատարողների պաշտոնների, դիվանագիտական ծառայության պաշտոնների, պետական եկամուտների կազմակերպման և հսկողության, ստուգումների կազմակերպման և դիտարկման, ներքին աուդիտի, մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության և օպերատիվ-հետախուզության, ներքին անվտանգության վարչությունների, փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, մաքսատուն-վարչության պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների համար:
5. Պետական ծառայողները համարվում են քաղաքացիական ծառայողներ: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան` առանց մրցույթի նշանակվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում:
(44-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-12-Ն)
(Մինչև 21.01.20 ՀՕ-12-Ն օրենքն ուժի մեջ մտնելը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան քաղաքացիական ծառայող համարված հարկադիր կատարողը, քրեակատարողական ծառայողը և փրկարար ծառայողը քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու օրվանից հետո՝ երեք տարվա ընթացքում, օգտվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից. այս դեպքում հարկադիր, քրեակատարողական և փրկարար ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ` համաձայն 21.01.20 ՀՕ-12-Ն օրենքի 20-րդ հոդվածի:)