Հոդված 24. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը
Հոդված 24. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը
1. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում վարում են համապատասխան մարմինները:
2. Գործունեությունը դադարած մարմինների կադրերի ռեզերվը վարում, վարձատրությունը տրամադրում է քաղաքացիական ծառայության գրասենյակը:
3. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, իրենց դիմումի համաձայն, գրանցվում են սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-6.1-ին կետերով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողները, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների:
4. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու միանգամյա առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալը: Քաղաքացիական ծառայողը իր դիմումի համաձայն կարող է հանվել կադրերի ռեզերվից վաղաժամկետ:
5. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է քաղաքացիական ծառայության ստաժ: Քաղաքացիական ծառայողը օրենքով սահմանված կարգով երեք ամիս ստանում է վարձատրություն այն համապատասխան մարմնից, որտեղ զբաղեցրել է քաղաքացիական ծառայության պաշտոն:
6. Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում: Այս դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկը կատարվում է, եթե քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարում են սույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով նախատեսված հիմքով:
7. Եթե քաղաքացիական ծառայողը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն նույն համապատասխան մարմնում, ապա այս դեպքում կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում, իսկ այլ համապատասխան մարմնում զբաղեցնելու դեպքում կատարվում է վերջնահաշվարկ:
8. Եթե քաղաքացիական ծառայողը սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն, ապա այս դեպքում կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում:
9. Քաղաքացիական ծառայողը հանվում է կադրերի ռեզերվից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում:
10. Կադրերի ռեզերվում գրանցված ժամանակ քաղաքացիական ծառայողը չունի արձակուրդի իրավունք, և վերջնահաշվարկի մեջ ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը չի հաշվարկվում:
11. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է Կառավարությունը:
(24-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-12-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-492-Ն)