Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 74. Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը)

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 74. Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը)

1. Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության Նախագահի թեկնածուները:

2. Պատգամավորների ընտրությունների (համամասնական և մեծամասնական ընտրակարգով) արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորության թեկնածուները` մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով, ինչպես նաև կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները` համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով:

3. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչև ժամը 18.00-ն։

4. Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմինը։

Անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, որպես հարակից պատասխանող (պատասխանողներ), սահմանադրական դատարանը կարող է ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող էին ներգործել ընտրությունների արդյունքների վրա, կամ որոնք պարտավոր էին (պարտավոր են) օրենքով սահմանված կարգով ապահովել և պաշտպանել ընտրական իրավունքները, բացառությամբ դատարանների:

5. Այն թեկնածուները կամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության ընթացքում կամ դրա արդյունքում ընդունվելիք որոշմամբ, կարող են սահմանադրական դատարանի որոշմամբ որպես երրորդ անձինք ներգրավվել դատավարության մեջ` իրենց դիմումի հիման վրա, իսկ այն դեպքերում, երբ սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր կերպով տարածվելու է նաև երրորդ անձանց վրա, ապա սահմանադրական դատարանն ինքն է պարտավոր այդ անձանց ներգրավել դատավարության մեջ:

6. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել գործի քննության ցանկացած փուլում:

7. Երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ այն իրավունքների և պարտականությունների, որոնք իրենց էությամբ տարածելի չեն երրորդ անձանց վրա:

8. Սահմանադրական դատարանում քննվող գործով որոշում ընդունելու համար անհրաժեշտ ապացույցների (փաստերի վերաբերյալ տեղեկությունների) ձեռքբերման առնչությամբ կիրառվում են սույն օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնները:

9. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

Մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործերի դատաքննությունը սահմանադրական դատարանը, իր ծանրաբեռնվածությունից ելնելով, կարող է իրականացնել գրավոր ընթացակարգով:

10. Փաստերի վերաբերյալ դիմող կողմի ներկայացրած տեղեկությունները համարվում են հավաստի, եթե պատասխանող կողմը խուսափում է դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելուց, և եթե դրանք չեն հակասում սահմանադրական դատարանի կողմից ձեռք բերված, տվյալ գործով որոշում ընդունելու համար էական նշանակություն ունեցող այլ ապացույցների:

11. Եթե պատասխանող կողմն ընդունում է այն հանգամանքները, որոնցով դիմող կողմը հիմնավորում է իր պահանջներն ու առարկությունները, ապա վերջինս ազատվում է այդ հանգամանքների վերաբերյալ հետագայում ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությունից:

12. Համապետական ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործերով քննությունը կարող է կասեցվել միայն այն դեպքերում, երբ կասեցումը չի խոչընդոտի տվյալ գործի քննությունը Սահմանադրությամբ և սույն հոդվածի համապատասխանաբար 16-րդ և 17-րդ մասերով նախատեսված ժամկետներում ավարտելուն:

13. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանը պարզում է իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ներկայացված բողոքների քննարկումը (քննությունը) անհիմն մերժելու, նման բողոքները սահմանված ժամկետներում չքննարկելու (չքննելու) և քննարկումից (քննությունից) հրաժարվելու կամ խուսափելու հանգամանքները, և իրավասու է նման դեպքերում բողոքներում արծարծվող փաստերը գնահատելու որպես հավաստի և անվիճելի, եթե այդպիսի գնահատումը չի հակասում գործի քննության ընթացքում ձեռք բերված այլ ապացույցների:

14. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը և`

ա) անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

բ) ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին կամ կուսակցության (դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների,

գ) ընտրությունները ճանաչել չկայացած,

դ) նշանակել ընտրության երկրորդ փուլ:

15. Եթե գործի քննության արդյունքում սահմանադրական դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար սույն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրության իրական արդյունքները, սակայն սահմանադրական դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, և դրանց համադրումը վկայում է դրանց միջև համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս սահմանադրական դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները:

16. Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանը պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:

17. Պատգամավորների` համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանը պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո:

18. Պատգամավորների` մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանը պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս հետո:

19. Սույն հոդվածի 18-րդ մասում նշված գործերով, սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունից ելնելով, սահմանադրական դատարանի որոշմամբ գործերի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:

(74-րդ հոդվածը փոփ. 16.11.07 ՀՕ-220-Ն, 26.05.11 ՀՕ-168-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։