Հոդված 22. Ակտիվների վաճառքը արժեթղթավորման ֆոնդին
Հոդված 22. Ակտիվների վաճառքը արժեթղթավորման ֆոնդին
(վերնագիրը փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն)
1. Սույն օրենքի իմաստով ակտիվների վաճառք է համարվում նախաձեռնողի կամ վաճառողի կողմից արժեթղթավորման ֆոնդին ակտիվների վաճառքը` դրա դիմաց անմիջապես կամ արժեթղթերի տեղաբաշխումից հետո վճարում ստանալու պայմանով:
2. Արժեթղթավորման ֆոնդին ակտիվների վաճառքը ներառում է ակտիվների, ինչպես նաև դրանց հետ կապված բոլոր պայմանագրերի, իրավունքների, գրավի, հիփոթեքի և պարտավորությունների կատարման ապահովման այլ միջոցների, ներառյալ` երաշխիքների փոխանցումն արժեթղթավորման ֆոնդին:
3. Ակտիվների վաճառքի պայմանագիրը պետք է պարունակի դրույթ, համաձայն որի` ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է փոխանցված արժեթղթավորման ֆոնդին՝ ակտիվների փոխանցման ակտի ստորագրման պահից, անկախ ակտիվների ձեռքբերման համար վճարման կատարման ժամկետներից: Եթե ակտիվների վաճառքը ենթադրում է նաև անշարժ գույքի հետ կապված իրավունքների փոխանցում, ապա ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է փոխանցված արժեթղթավորման ֆոնդին՝ այդ իրավունքի պետական գրանցման պահից:
4. Նախաձեռնողը կամ վաճառողը պարտավոր են տեղեկացնել պարտապաններին` արժեթղթավորման ֆոնդին ակտիվների վաճառքի մասին:
5. Ակտիվների վաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ նախաձեռնողը կամ վաճառողը չպետք է ընդգրկված լինի անվճարունակության, սնանկության, լուծարման կամ ինքնալուծարման գործընթացներում:
(22-րդ հոդվածը փոփ. 04.05.18 ՀՕ-321-Ն)