Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԱԿՏԻՎՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ

Հոդված 24. Ակտիվների խմբի գրանցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Ակտիվների խմբի գրանցումը

1. Ակտիվների խմբի գրանցման համար արժեթղթավորման ֆոնդը Կենտրոնական բանկ է ներկայացնում՝

1) ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոց հանդիսացող ակտիվների ցանկը.

2) ակտիվների ցանկում ներառված ակտիվների նկատմամբ արժեթղթավորման ֆոնդի` սույն օրենքով սահմանված սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը.

3) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

2. Արժեթղթավորման ֆոնդն ակտիվների ցանկը ներկայացնում է Կենտրոնական բանկ` ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման ազդագրի հետ (եթե օրենքով սահմանված կարգով արժեթղթերի թողարկման համար պահանջվում է ազդագիր):

3. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից քսան աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է արժեթղթավորման ֆոնդի ներկայացրած ակտիվների ցանկը կամ մերժում ակտիվների ցանկի գրանցումը: Կենտրոնական բանկն ակտիվների գրանցումն իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերում առկա տեղեկատվության հիման վրա:

4. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող տեղեկությունները ճշտելու նպատակով գրանցման քսան աշխատանքային օրվա ժամկետը կարող է կասեցվել մինչև այդ տեղեկությունների ստացումը:

5. Կենտրոնական բանկի կողմից քսան աշխատանքային օրվա ժամկետում ակտիվների ցանկը չգրանցելու կամ այդ ժամկետը կասեցնելու մասին արժեթղթավորման ֆոնդին չտեղեկացնելու դեպքում ակտիվների ցանկը համարվում է գրանցված:

6. Կենտրոնական բանկը մերժում է արժեթղթավորման ֆոնդի կողմից արժեթղթավորման նպատակով ներկայացված ակտիվների ցանկի գրանցումը, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը թերի են կամ պարունակում են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ:

7. Կենտրոնական բանկի կողմից ակտիվների գրանցումը պետական գրանցում է, և ակտիվների նկատմամբ պահանջի իրավունքի որևէ այլ գրանցում չի պահանջվում:

8. Ակտիվների խմբում կատարվող փոփոխությունները՝ պայմանավորված ակտիվների փոխարինման և կամ ավելացման հետ, Կենտրոնական բանկում ենթակա են գրանցման՝ ակտիվների խմբի գրանցման համար սույն հոդվածով սահմանված կարգով:

9. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով ստեղծում է ակտիվների խմբի ռեգիստր և սահմանում շահագրգիռ անձանց կողմից ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկությունների ստացման կարգ: Կենտրոնական բանկը սույն հոդվածում նշված ակտիվների խմբի ռեգիստր ստեղծելու, վարելու և շահագրգիռ անձանց կողմից ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկություններ տրամադրելու գործառույթները կարող է պատվիրակման պայմանագրով պատվիրակել այլ անձի:

(24-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.05.18 ՀՕ-321-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։