Հոդված 24. Ակտիվների խմբի գրանցումը
Հոդված 24. Ակտիվների խմբի գրանցումը
1. Ակտիվների խմբի գրանցման համար արժեթղթավորման հիմնադրամը Կենտրոնական բանկ է ներկայացնում՝
1) ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոց հանդիսացող ակտիվների ցանկը.
2) ակտիվների ցանկում ներառված ակտիվների նկատմամբ արժեթղթավորման հիմնադրամի` սույն օրենքով սահմանված սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը.
3) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
2. Արժեթղթավորման հիմնադրամն ակտիվների ցանկը ներկայացնում է Կենտրոնական բանկ` ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման ազդագրի հետ (եթե օրենքով սահմանված կարգով արժեթղթերի թողարկման համար պահանջվում է ազդագիր):
3. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից քսան աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է արժեթղթավորման հիմնադրամի ներկայացրած ակտիվների ցանկը կամ մերժում ակտիվների ցանկի գրանցումը:
4. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող տեղեկությունները ճշտելու նպատակով գրանցման քսան աշխատանքային օրվա ժամկետը կարող է կասեցվել մինչև այդ տեղեկությունների ստացումը:
5. Կենտրոնական բանկի կողմից քսան աշխատանքային օրվա ժամկետում ակտիվների ցանկը չգրանցելու կամ այդ ժամկետը կասեցնելու մասին արժեթղթավորման հիմնադրամին չտեղեկացնելու դեպքում ակտիվների ցանկը համարվում է գրանցված:
6. Կենտրոնական բանկը մերժում է արժեթղթավորման հիմնադրամի կողմից արժեթղթավորման նպատակով ներկայացված ակտիվների ցանկի գրանցումը, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը թերի են կամ պարունակում են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ:
7. Կենտրոնական բանկի կողմից ակտիվների գրանցումը պետական գրանցում է, և ակտիվների նկատմամբ պահանջի իրավունքի որևէ այլ գրանցում չի պահանջվում:
8. Ակտիվների խմբում կատարվող փոփոխությունները՝ պայմանավորված ակտիվների փոխարինման և կամ ավելացման հետ, Կենտրոնական բանկում ենթակա են գրանցման՝ ակտիվների խմբի գրանցման համար սույն հոդվածով սահմանված կարգով:
9. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով ստեղծում է ակտիվների խմբի ռեգիստր և սահմանում շահագրգիռ անձանց կողմից ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկությունների ստացման կարգ: