Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2016-04-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 32. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

գործել է մինչև 2016-04-27Բացել ARLIS-ում

Հոդված 32. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

ա) նախազգուշացում.

բ) նկատողություն.

գ) խիստ նկատողություն.

դ) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի իջեցում.

ե) զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ.

զ) քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում՝ մեկ աստիճանով:

2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից:

Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:

Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:

Կարգապահական տույժի մասին քաղաքացիական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց եռօրյա ժամկետում:

Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

Եթե քաղաքացիական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:

3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետը համապատասխանաբար` նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի, մարզպետի առաջարկությամբ:

Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ, իսկ սույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի առաջարկությամբ, որի դեպքում քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը ստանում է նախարարը:

Սույն հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

5. Քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել` քաղաքացիական ծառայողի վարձատրության պահպանմամբ:

6. Ծառայողական քննության արդյունքում քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ընդունված որոշումներն ունեն պարտադիր բնույթ:

(32-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց., խմբ., փոփ. 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։