Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2016-04-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 37. Քաղաքացիական ծառայության խորհուրդը

գործել է մինչև 2016-04-27Բացել ARLIS-ում

Հոդված 37. Քաղաքացիական ծառայության խորհուրդը

1. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայության միասնական պետական քաղաքականությունն իրականացնում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

2. Քաղաքացիական ծառայության խորհուրդը`

ա) իրականացնում է համապատասխան մարմինների կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկողությունը.

բ) քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության պահանջներին հակասող ակտերը վերացնելու համար դիմում է դատարան.

գ) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմինների վերակազմակերպման և լուծարման ժամանակ քաղաքացիական ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննում է քաղաքացիական ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումները և բողոքները.

ե) սահմանված կարգով և դեպքերում վարում է ծառայողական քննություն.

զ) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «զ» կամ «դ» և «զ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, ինչպես նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.

է) համապատասխան և այլ մարմիններից ստանում է քաղաքացիական ծառայության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ը) հաստատում է քաղաքացիական ծառայության խորհրդի ֆինանսական միջոցների օգտագործման կարգը.

թ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծերը.

թ.1) սահմանում է քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնները և էթիկայի հանձնաժողովների ձևավորման, գործունեության կարգը և նրանց գործառույթները.

ժ) ընդունում է սույն օրենքով նախատեսված, ինչպես նաև սույն օրենքի կատարումն ապահովող նորմատիվ իրավական ակտեր.

ժա) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

3. Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին:

4. Քաղաքացիական ծառայության խորհրդի կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմը:

5. Քաղաքացիական ծառայության խորհուրդը ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

Քաղաքացիական ծառայության խորհրդի և նրա աշխատակազմի աշխատողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Քաղաքացիական ծառայության խորհուրդը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (քաղաքացիական ծառայության խորհրդի ծախսերի նախահաշվի նախագիծը):

Քաղաքացիական ծառայության խորհրդի բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշների համաձայնեցումը և պետական բյուջեի նախագծում դրանց ներառումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված քաղաքացիական ծառայության խորհրդի բյուջետային ֆինանսավորման հայտի օրինակն առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Պետական բյուջեի ծախսային մասում քաղաքացիական ծառայության խորհրդի ծախսերը ներկայացվում են առանձին տողով:

6. Քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը, նրա աշխատակազմի կազմակերպական կառուցվածքը, կանոնադրությունը, աշխատողների առավելագույն թիվը և հաստիքացուցակը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

7. Քաղաքացիական ծառայության խորհրդի գործողությունները և որոշումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են բողոքարկման դատական կարգով:

8. Քաղաքացիական ծառայության խորհուրդն իր գործունեության մասին ամենամյա հաղորդումներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

(37-րդ հոդվածը խմբ. 18.04.03 ՀՕ-543-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, խմբ. 02.05.06 ՀՕ-50-Ն, 04.12.08 ՀՕ-199-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-15-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-180-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։