Հոդված 17. Դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթը
Հոդված 17. Դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթը
1. Սույն օրենքով սահմանված կարգով փակ մրցույթի արդյունքում նշանակում չկատարելու, ինչպես նաև դատական ծառայության թափուր կրտսեր պաշտոն առաջանալու և սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարելու դեպքերում դատական դեպարտամենտի ղեկավարը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում այդ պաշտոնները զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին (այսուհետ՝ մրցույթ):
2. Դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում: Նշված հայտարարությունը պետք է հրապարակվի այնպես, որ ապահովվի այդ մրցույթին տեղեկանալու և դրան մասնակցելու ողջամիտ հնարավորությունը:
3. Դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներն անցկացնում են սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովները, իսկ անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ու մրցութային հանձնաժողովների գործունեության կազմակերպական ապահովումն իրականացնում է դատական դեպարտամենտը:
4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
5. Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ անձ:
6. Մրցույթն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի փուլերով:
(17-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-20-Ն)