Հոդված 3. Դատական դեպարտամենտը
Հոդված 3. Դատական դեպարտամենտը
1. Դատական դեպարտամենտը պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է դատարաններին, դատավորների ընդհանուր ժողովին, դատարանների նախագահների խորհրդին և արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ու քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը:
2. Դատական դեպարտամենտը դատարաններին և արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունն ապահովում է առանձնացված ստորաբաժանումների միջոցով:
3. Դատական դեպարտամենտը գործում է վճռաբեկ դատարանի նախագահի հաստատած կանոնադրության հիման վրա:
4. Դատական դեպարտամենտը՝
1) իրականացնում է կադրային քաղաքականությունը, ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումներ՝ ուղղված դատական իշխանության արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծմանը.
2) կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների միջոցով իրականացնում է դատարանների, դատարանների նախագահների խորհրդի, դրա հանձնաժողովների, արդարադատության խորհրդի աշխատակազմի դերը.
3) նախապատրաստում է դատավորների ընդհանուր ժողովի, դատարանների նախագահների խորհրդի և դրա հանձնաժողովների նիստերը.
4) վերլուծում և ամփոփում է դատական պրակտիկան և դատական վիճակագրությունը.
5) վարում է դատավորների անձնական գործերը.
6) կազմակերպում է դատարանների պաշտոնական ինտերնետ կայքի աշխատանքը.
7) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով, դատական դեպարտամենտի կանոնադրությամբ, դատարանների նախագահների և արդարադատության խորհրդի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
5. Դատական դեպարտամենտը արդարադատության խորհրդի աշխատակազմ առանձնացված ստորաբաժանման միջոցով`
1) կատարում է արդարադատության խորհրդի աշխատակարգային որոշումները, ինչպես նաև արդարադատության խորհրդի այն անդամի հանձնարարությունները, որին արդարադատության խորհրդի որոշմամբ տրվել են հանձնարարություններ.
2) նախապատրաստում է արդարադատության խորհրդի նիստերը, արդարադատության խորհրդի անդամներին և շահագրգիռ անձանց է ուղարկում արդարադատության խորհրդում քննվող հարցերի վերաբերյալ նյութերը, արձանագրում է արդարադատության խորհրդի նիստերը, առաքում և հրապարակում է արդարադատության խորհրդի ընդունած ակտերը:
6. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը և դրա առանձնացված ստորաբաժանումները ֆինանսավորվում են պետական բյուջեից` առանձին տողերով:
7. Դատական իշխանության բյուջետային գործընթացն իրականացնում է դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը` առանձնացված ստորաբաժանումների ներկայացրած բյուջետային հայտերի հիման վրա: