Հոդված 16. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը և հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը
Հոդված 16. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը և հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը
1. Քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ: Քարոզչության ֆինանսավորման վրա տարածվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի դրույթները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Քարոզչությանը մասնակցող այլ անձինք առանձին հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն:
2. Քարոզչության հիմնադրամը բացվում է Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում: Այս բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Քարոզչության հիմնադրամ ձևավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումների հիման վրա բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:
3. Հիմնադրամը ձևավորվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:
4. Հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեն`
1) տվյալ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեցող անձինք.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.
3) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները).
3) օտարերկրյա պետությունները և իրավաբանական անձինք.
4) բարեգործական, կրոնական և միջազգային կազմակերպությունները.
5) բաժնետիրական կապիտալում 30 տոկոսից ավելի օտարերկրյա բաժնեմաս ունեցող կազմակերպությունները.
6) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները և պետական ու համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները:
5. Հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեցող սուբյեկտների կողմից քարոզչության հիմնադրամում մուծված գումարները և քարոզչության հիմնադրամների հաշվին կատարված անանուն մուծումները փոխանցվում են համայնքային բյուջե: Քարոզչության ավարտից հետո՝ երկու բանկային օրվա ընթացքում, համայնքային բյուջե է փոխանցվում նաև քարոզչության հաշվի մնացորդը:
6. Քարոզչության հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
7. Մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքում հիմնադրամում մուծում կարող է կատարվել նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկի չափով, իսկ 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով:
8. Քարոզչության հիմնադրամում մուծում կատարելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կատարել կամավոր մուծում նվազագույն աշխատավարձի համապատասխանաբար մինչև`
1) 50-ապատիկի չափով` մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.
2) 100-ապատիկի չափով` 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում:
9. Քարոզչության հիմնադրամում կատարված մուծումների առավելագույն չափերը գերազանցող մասերը փոխանցվում են համայնքային բյուջե:
10. Արգելվում են քարոզչության ընթացքում հանրային ֆինանսների ու պետական մարմինների միջոցներ ու հնարավորություններ օգտագործելը, ինչպես նաև հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը:
11. Քարոզչության հիմնադրամից միջոցների օգտագործումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն:
12. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում քարոզչության հիմնադրամի ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
13. Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:
14 . Քարոզչության կողմերի դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո:
15. Քվեարկության օրվանից հետո հիմնադրամում մնացած միջոցները քարոզչության կողմերն անկանխիկ եղանակով կարող են օգտագործել հանրաքվեի արդյունքների բողոքարկման, ներառյալ՝ փաստաբանական ծառայություններից օգտվելու նպատակով՝ այդ մասին իրազեկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
16. Քարոզչության հիմնադրամում կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ, ինչպես նաև տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփելուց հետո ոչ ուշ, քան 10-րդ օրը, ինչպես նաև տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփման համար՝ սույն օրենքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան երեք օր առաջ: Հայտարարագրին ներկայացվող պահանջները, քարոզչության հիմնադրամի միջոցների օգտագործման կարգը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:
(07.05.21 ՀՕ-211-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-4-րդ, 6-8-րդ և 12-րդ կետերն ուժի մեջ կմտնեն 01.01.22 թվականին, իսկ 5-րդ, 9-11-րդ և 13-րդ կետերը` 01.01.23 թվականին)
(07.05.21 ՀՕ-211-Ն օրենքն ունի անցումային դրույթ)