Հոդված 16. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը և հիմնադրամում նվիրատվություն կատարելու կարգը
Հոդված 16. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը և հիմնադրամում նվիրատվություն կատարելու կարգը
(վերնագիրը փոփ. 07.05.21 ՀՕ-211-Ն)
1. Քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ: Քարոզչության ֆինանսավորման վրա տարածվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի դրույթները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Քարոզչությանը մասնակցող այլ անձինք առանձին հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն:
2. Քարոզչության հիմնադրամը բացվում է Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում: Այս բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Քարոզչության հիմնադրամ ձևավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումների հիման վրա բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:
3. Հիմնադրամը ձևավորվում է տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների նվիրատվություններից։
4. Հիմնադրամին նվիրատվություններ չեն թույլատրվում`
1) տվյալ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեցող անձանցից,
2) օտարերկրյա պետություններից,
3) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների,
4) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից,
5) պետական և համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից,
6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից,
7) անանուն անձանցից։
5․ Հիմնադրամին նվիրատվություն կատարելու իրավունք չունեցող սուբյեկտների կողմից քարոզչության հիմնադրամին կատարած նվիրատվությունները փոխանցվում են համայնքային բյուջե։ Քարոզչության ավարտից հետո՝ երկու բանկային օրվա ընթացքում, համայնքային բյուջե է փոխանցվում նաև քարոզչության հաշվի մնացորդը:
6. Քարոզչության հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
(6-րդ մասը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով չեղյալ է ճանաչվում 07.05.21 ՀՕ-211-Ն օրենքը փոփոխող 05.12.24 ՀՕ-515-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխության համաձայն)
7. Մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքում հիմնադրամում նվիրատվություն կարող է կատարվել նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկի չափով, իսկ 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով:
8. Քարոզչության հիմնադրամում նվիրատվություն կատարելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կատարել նվիրատվություն նվազագույն աշխատավարձի համապատասխանաբար մինչև`
1) 50-ապատիկի չափով` մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.
2) 100-ապատիկի չափով` 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում:
9. Քարոզչության հիմնադրամում կատարված նվիրատվությունների առավելագույն չափերը գերազանցող մասերը փոխանցվում են համայնքային բյուջե:
10. Արգելվում են քարոզչության ընթացքում հանրային ֆինանսների ու պետական մարմինների միջոցներ ու հնարավորություններ օգտագործելը, ինչպես նաև հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը:
11. Քարոզչության հիմնադրամից միջոցների օգտագործումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն:
12. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում քարոզչության հիմնադրամի ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։
13. Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:
14. Քարոզչության կողմերի դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո:
15. Քվեարկության օրվանից հետո հիմնադրամում մնացած միջոցները քարոզչության կողմերն անկանխիկ եղանակով կարող են օգտագործել հանրաքվեի արդյունքների բողոքարկման, ներառյալ՝ փաստաբանական ծառայություններից օգտվելու նպատակով՝ այդ մասին իրազեկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
16. Քարոզչության հիմնադրամում կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ, ինչպես նաև տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփելուց հետո ոչ ուշ, քան 10-րդ օրը, ինչպես նաև տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփման համար՝ սույն օրենքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան երեք օր առաջ: Հայտարարագրին ներկայացվող պահանջները, քարոզչության հիմնադրամի միջոցների օգտագործման կարգը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:
(16-րդ հոդվածը փոփ., խմբ. 07.05.21 ՀՕ-211-Ն)
(07.05.21 ՀՕ-211-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 05.12.24 ՀՕ-513-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)
(05.12.24 ՀՕ-513-Ն օրենքն ունի անցումային դրույթ)