Հոդված 28. Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունն ստանալուց հետո տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները
Հոդված 28. Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունն ստանալուց հետո տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները
1. Տարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում: Ելակետային են տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից հատ-հատ հաշվելու միջոցով ստացված տվյալները:
2. Տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները մուտքագրում է համակարգիչ: Տեղական հանրաքվեի քվեարկության արդյունքների աղյուսակավորումն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:
3. Տարածքային հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը քվեարկության ավարտից 24 ժամ հետո ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
4. Երևանի համայնքում տեղական հանրաքվեի ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում և այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
(հոդվածը 05.12.24 ՀՕ-513-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)